ԱԱննա Ավետիսյան

Մայիսի 28-ն այսօր էլ հանդիսանում է ինքնիշխանության և անվտանգության իրացման առանցքային խորհրդանիշ. ՀՀ ԱԳՆ

Մայիսի 28-ն այսօր էլ հանդիսանում է ինքնիշխանության և անվտանգության իրացման առանցքային խորհրդանիշ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության 102-ամյակի կապակցությամբ: 

«Մայիսի 28-ին Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը նշում են Մայիսյան հերոսամարտերի և Հայոց առաջին հանրապետության 102-ամյակը։

Հազարամյա մեր պատմությունում առանձնահատուկ տեղ զբաղեցնող այս օրը կրում է երկու կարևորագույն խորհուրդ. իր պատմական հայրենիքի մեծ մասում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում կայացավ հայոց ազգային գոյամարտը, և մայիսյան հաղթանակներից հետո հայ ժողովուրդը մեկընդմիշտ հաստատեց իր գոյության իրավունքը։

Երկրորդը` ավելի քան հինգ դար ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Առաջին հանրապետությունը ձևավորվեց Առաջին աշխարհամարտի օրերին և իր կարևոր դերակատարությունն ունեցավ մեր տարածաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի գործում՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճակատներում։

Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցեց և, ի վերջո, մաս կազմեց  աշխարհամարտի արդյունքները ձևակերպող միջազգային խաղաղության պայմանագրերին։

Հայաստանի առաջին հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը նաև Արցախում և Արցախի կարգավիճակի խնդիրը ձևակերպեց՝ որպես միջազգային հիմնախնդիր։ 

Թեև չունենալով երկար կյանք` առաջին հանրապետությունը հիմք դրեց ներքին և արտաքին քաղաքական ինստիտուտներին, ինչպես նաև ձևավորեց այն ուղենիշները, որոնցով զարգանում է հայկական պետականությունը։

Մայիսի 28-ը, միավորելով  ազգային-ազատագրական և պետականության կառուցման համար մղվող պայքարը, այսօր էլ հանդիսանում է պետականության և ողջ հայ ժողովրդի առջև կանգնած երկու գերխնդիրների` ինքնիշխանության և անվտանգության իրացման առանցքային խորհրդանիշ։  

Շնորհավորում ենք բոլորիս Մայիսյան հերոսամարտերի և Հանրապետության տոնի առթիվ»,- նշված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում