«Իմ բանակը». Հանրային հեռուստաընկերությունը կներկայանա Հայոց բանակի 25-ամյակին նվիրված նոր նախագծով

«Իմ բանակը». Հանրային հեռուստաընկերությունը կներկայանա Հայոց բանակի 25-ամյակին նվիրված նոր նախագծով

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Պաշտպանության նախարարության աջակցությամբ, Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ նոր ծրագիր կիրականացնի: «Իմ բանակը» խորագիրը կրող նախագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մարտունակությունը հեռուստադիտողներին ներկայացնելն է: 14 թողարկումներից բաղկացած հեռուստաֆիլմաշարը հայ եւ միջազգային լայն հանրությանը կներկայացնի Հայոց բանակի ոչ միայն տեխնիկական ու ֆիզիկական ներուժը, այլեւ հայ զինվորի առօրյան, նրա ոգու առանձնահատուկ կերտվածքը:

Հեռուստաֆիլմաշարը ոչ միայն հեռուստադիտողին հնարավորություն կտա ծանոթանալու ռազմական տարբեր մասնագիտություններ ունեցող զինվորականների հետ, այլեւ համեմված կլինի ավիացիայի, զրահատանկային ուժերի եւ հատուկ նշանակության ջոկատների ամենօրյա գործողությունների կադրերով: Ֆիլմերից յուրաքանչյուրը կպատմի տարբեր ջոկատների թե՛ շարքային եւ թե՛ հրամանատարական անձնակազմի մասին:

Առաջին ալիքի գլխավոր նպատակը նախագծի միջոցով մերօրյա հերոսների կերպարներ ստեղծելն ու լավ օրինակը տարածելն է:  Այսօր մեզ առավել քան անհրաժեշտ են ժամանակակից հերոսների կերպարները, որոնք կարող են օրինակ ծառայել երիտասարդների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Վավերագրական ֆիլմաշարը կարող է ձեւավորել նպատակասլաց, բանիմաց եւ ուժեղ երիտասարդի կերպար, որին կցանկանան նմանվել շատերը:

Նախագիծն Առաջին ալիքի հեռուստադիտողներին կներկայացվի սեպտեմբերից, իսկ մինչ այդ` Հայոց բանակի օրվան ընդառաջ, ներկայացվում է նոր նախագծից մի դրվագ՝ «Իմ բանակը» խորագրով երգ եւ տեսահոլովակ:

Երաժշտության եւ խոսքերի հեղինակը Քրիստ Մանարյանն է, կատարում են Վիգեն Ահարոնյանը, Արթուր Մխիթարյանը եւ Սեդրակ Պապյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում