ԳԳայանե Թամամյան

Մայակովսկու մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը կապիտալ կվերանորոգվի

Մայակովսկու մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը կապիտալ կվերանորոգվի

2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված Մայակովսկի համայնքի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի կապիտալ վերանորոգման և բակի բարեկարգման ծրագրային հայտը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: 

«Ընդգծեմ, որ առնվազն մեկ տասնամյակ Մայակովսկիում մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ, կամ չեն հաճախել ընդհանրապես:

Շուրջ տասը տարի լքված մանկապարտեզի երկհարկանի խմբային առաջին մասնաշենքի հիմնանորոգումն իրականացնելու նպատակով դեռ անցյալ տարի առաջարկել եմ ծրագիրը ներառել Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ցանկում, ինչի արդյունքում մասնաշենքը Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ հիմնանորոգվել է:

Երկրորդ մասնաշենքի կապիտալ նորոգման արդյունքում արդեն ընթացիկ տարվա աշնանամուտին համայնքը կունենա ամբողջովին հիմնանորոգված մանկապարտեզ (4 խմբով)` նախատեսված 90-110 սաների համար

Ծրագրի նախահաշվային արժեքը 67.730.510 դրամ է. աշխատանքներն իրականացվելու են պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ:

Բազմիցս ընդգծել և ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մանկապարտեզները ինստիտուցիոնալ առումով չափազանց կարևոր առաքելություն ունեն: Դրանք ոչ միայն սոցիալական, կրթական, դաստիարակչական, այլ նաև մշակութային կարևորություն ունեն, և եթե համայնքը ունի բարեկարգ մանկապարտեզ, ապա իր գլխավոր ու պարտադիր խնդիրներից մեկը կատարել է:

Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզի 38 համայնքներից ՀՀ կառավարություն ենք ներկայացրել 105 ծրագրային հայտ` շուրջ 6.2 մլրդ. դրամ արժեքով»,- գրել է մարզպետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում