ՌՌոզա Խաչատրյան

Ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալին ՍԴ ճգնաժամի հաղթահարման մեջ է․ Բաբաջանյան

Ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալին ՍԴ ճգնաժամի հաղթահարման մեջ է․ Բաբաջանյան

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ հայտարարությունների ժամին կարծիք հայտնեց, որ վերջին օրերին տեղի ունեցող երևույթները փաստում են՝ Հայաստանում օլիգարխիան ջախջախված չէ, այլ շարունակում է պահպանել ազդեցությունը դատական իշխանության, նաև մամուլի վրա։

«Հայաստանի պետականության դեմ պատերազմ է հայտարարված։ Եվ այդ պատերազմում օգտագործվում են բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցները։ Նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դրվում։ Այս պատերազմն ուղեկցվում է ներքին ու արտաքին աղբյուրներից սնվող մի քանի հարձակումներով։

Ճիշտ նման գործելաոճ՝ ժողովրդին հայտարարված պատերազմ տեսել ենք մեր նորագույն պատմության տարբեր փուլերում․ տեսել ենք 1999 թ. հոկտեմբերի 27-ից առաջ ու հետո, տեսել ենք 2008-ի մարտի մեկից առաջ ու հետո, տեսնում ենք նաև այսօր։ Միակ տարբերությունն այն է, որ պետության ու ժողովրդի դեմ պատերազմողներն այն ժամանակ ունեին իշխանություն և դա անում էին իշխանական ու պետական աշխատասենյակներից, իսկ այսօր հանդես են գալիս արդեն ոչ իշխանական, պսևդոընդդիմության դիրքերից։ Բայց նրանց էությունն ու գործելաոճը չեն փոխվել։

Նրանց թիրախը ՀՀ-ն է ու ՀՀ քաղաքացին։ Հայաստանի պետականությանը, ժողովրդավարությանն ու մեր երկրի ապագային հայտարարված պատերազմում պետք է պայքարել բոլոր ճակատներով և օրինական բոլոր միջոցներով։ Իմ խորին համոզմամբ՝ այդ պայքարը պետք է սկսել առաջնագծում դարանակալած թշնամու ոչնչացումից։

Մեր երկրի ներքաղաքական ճգնաժամի  հաղթահարման բանալին Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարման մեջ է։ Օբյեկտիվ պատճառներով դա չստացվեց հանրաքվեի միջոցով, ուստի ճգնաժամը պետք է հաղթահարել այստեղ՝ այս դահլիճում, և ամենակարևորը՝ միասնականությամբ և համախոհությամբ։ Ո՞վ պետք է պահպանի մեր երկրի ժողովրդավարությունը, եթե ոչ այս Ազգային ժողովը։ Ո՞վ, եթե ոչ այս Ազգային ժողովը պետք է արձագանքի մեր երկրում տեղի ունեցող հակապետական և դավաճանական խմորումներին և գործընթացներին։ Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը խնդիրը անհապաղ դարձնել քննարկման առարկա և շուտափույթ ձեռնամուխ լինել դրա լուծմանը։ Մեր պատասխանը ստեղծված իրավիճակին պետք է լինի մեր ջանքի ու եռանդի եռապատկումը, մեր ուժերի մեկտեղումը հանուն Հայաստանի Հանրապետության և ի շահ Հայաստանի քաղաքացու»,- նշեց Արման Բաբաջանյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում