ՀՀովհաննես Վարդանյան

Ցեղասպանությունները պետք է անվերապահորեն ճանաչվեն ու դատապարտվեն․ Բակո Սահակյան

Ցեղասպանությունները պետք է անվերապահորեն ճանաչվեն ու դատապարտվեն․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Եվ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին յուրահատուկ պայմաններում:

Աշխարհում տարածված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով այս անգամ ամեն տարվա պես մարդաշատ չեն լինի Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրները:

Սակայն ավելի քան վստահ եմ, որ ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, մտքով վերապրում է մեկ դար առաջ տեղի ունեցած այս սարսափելի ողբերգությունը, սգում է անասելի բռնությունների ու խոշտանգումների ենթարկված, սովի ու կոտորածի մատնված, անհայրենիք ու անօթևան մնացած մեր քույրերի ու եղբայրների, միլիոնավոր խեղված ճակատագրերի համար:

Վերապրում ենք խոր ցավով ու կսկիծով, բայց նաև հավատով լեցուն, որ այլևս երբեք չեն կրկնվի նման դաժան ու անմարդկային ոճրագործություններ, և ոչ միայն մեր ժողովրդի հետ, այլև ամբողջ աշխարհում:

Իսկ դրան հասնելու ճանապարհը մեկն է. ցեղասպանությունները պետք է անվերապահորեն ճանաչվեն ու դատապարտվեն:

Մենք շնորհակալ ենք այն երկրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ են այդ պայքարում:

Սիրելի՛ հայրենակիցներ

Մենք բոլորս պետք է դասեր քաղենք պատմությունից, պետք է դասեր քաղենք այսօրվա իրականությունից և անենք մեզնից կախված ամեն ինչ՝ օր օրի ավելի հզոր ու ամուր դարձնելու հայոց պետականությունն ու մայր Հայրենիքը, կուռ ու անսասան պահելու մեր միասնականությունը, անխախտ ու անկասելի՝ հայ ժողովրդի հավերժության ուղին»:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում