Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Ֆուտբոլ» հեռուստաընկերության հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչով է տարբերվում իտալական ֆուտբոլը եվրոպական այն ազգային առաջնություններից, որոնցում հայ կիսապաշտպանը նույնպես ելույթ է ունեցել։
«Կարծում եմ՝ այստեղ մարդիկ շատ ավելի կենտրոնացած են տակտիկայի վրա, ուժային ֆուտբոլը գերակշռում է, ոչ այնքան, որքան Անգլիայում, սակայն առանձնանում է։ Այստեղ շատ հաճելի է ֆուտբոլ խաղալ, քանի որ մարդիկ էլ են հասկանում ֆուտբոլը, ֆուտբոլիստներն էլ։ Այստեղ շատ հետաքրքիր է խաղալ ինչպես գնդակով, այնպես էլ առանց գնդակի։ Հենց սրա համար ես մեծ հաճույք եմ ստանում»,- ասել է Մխիթարյանը։
Մխիթարյանն նաև անդրադարձել է «Շախտյորում» իր գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի հայտարարությանը։
Լուչեսկուն իտալական մամուլի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն աշխատել է մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստների հետ, սակայն իր ամենասիրելի ֆուտբոլիստը, որի հետ աշխատել է, Հենրիխ Մխիթարյանն է։










