ՄՄարիամ Պետրոսյան

Բրեստ և Մուրմանսկ քաղաքներից մեկնարկած փոխանցումավազքը հասել է Երևան

Բրեստ և Մուրմանսկ քաղաքներից մեկնարկած փոխանցումավազքը հասել է Երևան

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված` ԱՊՀ մասնակից պետությունների սահմանների երկայնքով փոխանցումավազքի անցկացման հանդիսավոր միջոցառումը:

Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով «Հաղթանակի փոխանցումավազքի» անցկացման մեկնարկի արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռ. Գոլուբիցկին։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն իր խոսքում կարևորել է սահմանապահների ունեցած մեծ վաստակը Հայրենիքի առջև, ովքեր առաջինն էին իրենց վրա վերցրել գերմանական զորքերի հարվածները։ Վ.Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել սահմանապահներին, որոնք այսօր հավատարմորեն ծառայում են իրենց պետությանը, ժողովրդին և հակազդում յուրաքանչյուր մարտահրավերի:

Նշելով հայ ժողովրդի դերը Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ գնդապետ Վ. Սարգսյանն ասել է.

«Չկա մի ընտանիք ողջ ԱՊՀ տարածքում, որին պատերազմը չի անդրադարձել: Ամբողջ Խորհրդային Միությունից մոտ 600 հազար հայ համալրել են կարմիր բանակի շարքերը, ավելի քան 300 հազարը՝ զոհվել մարտադաշտերում: Հայ ժողովուրդը պատվով է կատարել իր պարտքը Հայրենիքի հանդեպ: Այս Հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր Հաղթանակն է, որը մենք երբեք չպետք է մոռանանք»:

Փոխանցումավազքը կանցնի ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանային ստորաբաժանումներով, որից հետո ապրիլի 17-ին Գյումրիում կփոխանցվի ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին։  Այն կշարունակի իր ճանապարհը` անցնելով ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության սահմանային ստորաբաժանումներով:

«Հաղթանակի փոխանցումավազքի» անցկացումը նախատեսված է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ՝ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի առաջարկով, որի նպատակն է հավերժացնել ԱՊՀ ժողովուրդների հերոսական սխրանքը և միասնությունը։

Փոխանցումավազքը փետրվարի 5-ին միաժամանակ մեկնարկել է Բրեստ և Մուրմանսկ քաղաքներից: Այն անցնում է ԱՊՀ 9 երկրների՝ ավելի քան 60.000 կմ ընդհանուր երկարությամբ սահմաններով։

Փակման հանդիսավոր արարողությունը նախատեսված է մայիսի 28-ին ՌԴ մայրաքաղաքում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում