ԳԳոհար Սիմոնյան

Էրդողանի հայտարարած դրամահավաքը՝ քննադատության թիրախում

Էրդողանի հայտարարած դրամահավաքը՝ քննադատության թիրախում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Ազգային համերաշխության արշավ» խորագրով դրամահավաք սկսելու մասին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

«Իմ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավի նպատակը կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում երկրի նվազ եկամուտներ ունեցող բնակիչներին լրացուցիչ օգնություն ցույց տալն է: Ընդ որում, ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական ծառայությունների նախարարությունն այդ նպատակով արդեն հատուկ հաշվեհամար է բացել:

Էրդողանը նշել է, որ դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը՝ այդ նպատակին ուղղելով իր 7 ամսվա աշխատավարձը: Նա կոչ է արել կառավարության բոլոր անդամներին, իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ), նահանգային կառույցներին, մեջլիսի պատգամավորներին, քաղաքապետարաններին, ինչպես նաև խոշոր գործարարներին ու բարերարներին՝ մասնակցել դրամահավաքին:

Էրդողանի այս նախաձեռնությունը, սակայն, ոչ միանշանակ է ընդունվել երկրի տարբեր շրջանակների կողմից: Չնայած պետական համակարգի մի շարք պաշտոնյաներ, իշխանություններին մոտ կանգնած շրջանակներ, որոշ գործարարներ և կազմակերպություններ հայտարարել են իրենց մասնակցության մասին, արշավը հայտնվել է ընդդիմադիր կուսկացությունների ու քաղաքացիների քննադատության թիրախում:

Նրանցից շատերը իրենց զարմանքն են արտահայտել Էրդողանի քայլերի վերաբերյալ՝ նշելով, որ այս օրերին, երբ ողջ աշխարհում տարբեր երկրների իշխանությունները գումարներ են փոխանցում քաղաքացիների հաշիվներին, Էրդողանն ի՛նքն է քաղաքացիներից փող ուզում:

 «Մենք մեզ բավարար ենք, բայց դուք մեզ չեք բավարարում: Ժողովուրդն այստեղ է, իսկ ու՞ր է սոցիալական պետությունը»,- հայտարարել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն:

«Մյուս երկրները կորոնավիրուսի դեմ պայքարող ժողովրդին գումարային օգնություն են տրամադրում, մենք ժողովրդից ենք սպասում ֆինանսական օգնություն:

Երկրաշարժի ժամանակ՝ դրամահավաք, համաճարակի ժամանակ՝ դրամահավաք»,- գրել է ԺՀԿ-ի պատգամավոր Էնգին Օզքոչը՝ նշելով, որ նախագահականն, այսպիսով, հայտարարել է Թուրքիայի սնանկանալու մասին:

Դրամահավաքը քննադատել է նաև քրդամետ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը:

«Աշխարհի առաջնորդները քաղաքացիներին են գումար փոխանցում, իսկ Էրդողանն իր հաշվեհամարն է տալիս քաղաքացիներին՝ խնդրելով փող փոխանցել»,- գրել է Փայլանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում