ԳԳայանե Թամամյան

Մեկուսացված անձինք կարանտինային պայմաններում կպահվեն 14 օր. փոխվարչապետ

Մեկուսացված անձինք կարանտինային պայմաններում կպահվեն 14 օր. փոխվարչապետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Փոխվարչապետը նշել է, որ վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է և կարանտինային պայմաններում կպահվի առաջիկա 14 օրերին:

«Մենք ունենք ևս մեկ թռիչք կիրակի, որը կազմակերպում է ՀՀ կառավարությունը` «Արմենիա» միջազգային օդանավակայանների» ու հայկական ավիափոխադրողներից մեկի հետ: Կարծում եմ՝ նաև կքննարկենք այն հարցը, թե ինչ միջոցառումների կարիք կլինի այն անձանց դեպքում, որոնք այդ թռիչքով վերադառնում են Հայաստան, ու կկայացնենք որոշումներ:

Կարծում եմ՝ նաև պետք է անդրադառնանք որոշակի պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը կամ ավելի կոնկրետ հասկանանք, թե ինչպես կարող ենք ապահովել տնային մեկուսացման մեջ գտնվող անձանց փաստացի մեկուսացման արդյունավետությունը: Նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս բոլոր երկիր մուտք գործողներին մեկուսացնել ու կարանտինային գոտում պահել, և դա ֆիզիկապես անհնար է: Բայց տնային մեկուսացման մեջ գտնվողների վերահսկողությունն իրականացնելու համար, կարծում եմ, այդ քննարկումը այսօր այստեղ պետք է տեղի ունենա, ու կրկին պետք է որոշումներ կայացնենք այդ առումով»,- ասել է Տ. Ավինյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով արտաքին ու ներքին միջոցառումներին վերաբերող հարցեր, վարակի տնտեսական ազդեցությունները, ինչպես նաև իրավիճակի հավանական զարգացումների սցենարները:

Որոշվել է, որ կիրակի՝ մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:

Փոխվարչապետի կողմից հանձնարարվել է բոլոր պետական գերատեսչություններում առավել խստացնել կանխարգելիչ բժշկական միջոցառումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում