Օրեր առաջ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ ահազանգ էր ստացվել, որ Մաշտոցի 20/7 հասցեում շինարարական աշխատանքների հետևանքով ծառեր են վնասվել: ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը, գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանն ու ավագանու մի քանի անդամներ շտապել էին դեպքի վայր: Իրավիճակը քննարկելու նպատակով հանդիպել են կառուցապատողը և ՀՈԱԿ-ի ղեկավարությունն ու փորձագետները:
Որոշվել է այն ծառերը, որոնք տեղափոխման ենթակա չեն, կընդգրկվեն շինարարության մեջ, մեկ մետր հեռավորությամբ կստեղծվեն բնաբաժակներ, որպեսզի ծառերը նորմալ աճեն: Տարածքում տեղ գտած 2 փտած և 1 կիսափտած թեղիները, մասնագիտական եզրակացությամբ, կհատվեն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կիսափտած ծառի փոխարեն 15 օրվա ընթացքում տնկել բնի 5-8 սմ հաստությամբ, 4 և ավելի մետր բարձրությամբ 1 արևելյան սոսի: Կողմերը պայմանավորվել են՝ սրճարանի շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո կանաչ տնկարկի դիմագծին համահունչ կազմել նախագիծ, որտեղ կօգտագործվեն սեփականատիրոջ միջոցներով ձեռք բերված 12-15 առավել գեղազարդ ծառատեսակներ: Կառուցապատումը ամենօրյա ռեժիմով վերահսկելու են ՀՈԱԿ-ի Կենտրոն ստորաբաժանման մասնագետները:










