ՆՆարե Ոսկանյան

Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը

Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլին, զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Ելենա Միլոշևիչը ներկայացրել է ծրագրի շրջանակում մեր երկրի հետ համագործակցության դրական արդյունքները` նշելով, որ Հայաստանում դպրոցական սննդի ապահովման հաջողված փորձը` որպես արդյունավետ մոդել, կարող է ներդրվել նաև այլ երկրներում: 

Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարություն է ներկայացվել Հայաստանի հետ առաջիկա տարիների ՊՀԾ համագործակցության նոր ռազմավարությունը, որով նախատեսվում է դպրոցական սննդի ծրագրի հիման վրա  ընդլայնել համագործակցությունը` ներառելով նաև սոցիալական ապահովության, գյուղատնտեսության և այլ ոլորտներ:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ կառավարությունը, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարությունը, կարևորում են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը` ընդգծելով դրանում նոր բաղադրիչների` տեղական արտադրության մթերքների վրա հիմնված ագրոբիզնեսի, դպրոցներում խոհանոցային ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղությունների ներառումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործունեությանը: Ծրագրի իրագործման արդյունավետության տեսանկյունից կարևորվել է դպրոցական խոհարարների վերապատրաստման նոր համակարգի ներդրումը` օգտագործելով նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներուժը: ՊՀԾ-ի հետ համագործակցությամբ խոհարարները կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն մարզային քոլեջներում և ուսումնարաններում: Կողմերը կարևորել են նաև դպրոցներում սննդի ապահովման կազմակերպման գործընթացի մոնիթորինգի և վերլուծության իրականացումը, որը հնարավորություն կտա բարելավել ծրագրի արդյունավետությունը:

Նշենք, որ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հանձնառությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը, իսկ մնացած մարզերում ծրագիրն իրականացվում է ՊՀԾ աջակցությամբ: Հայաստանում ծրագրի դոնորը Ռուսաստանի Դաշնությունն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում