Ի՞նչ դիտել, ո՞ւմ տեսնել ու որտե՞ղ քննարկել այս տարվա «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում

Ի՞նչ դիտել, ո՞ւմ տեսնել ու որտե՞ղ քննարկել այս տարվա «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում

Կինոմաններն ու մեծ էկրանի նորություններով հետաքրքրվողներն անհամբեր սպասում են այս տարվա «Ոսկե ծիրան» փառատոնին: Ամենամյա 12-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-ից 19-ը: Ինչպես նախորդ 11 տարիներին, այնպես էլ այս տարի փառատոնը Երեւան կբերի հայտնի կինոգործիչների, կառաջարկի տեսնել երկար սպասված ֆիլմերն ու քննարկել դրանք, բացահայտել կինոյի հին ու նոր դեմքերին:

Ի՞նչ դիտել մեծ էկրանին
Մրցութային կարճամետրաժ ֆիլմերի 4 անվանակարգերում՝ խաղարկային, վավերագրական, «Հայկական համայնապատկեր» եւ «Կորիզ»,  ներկայացվել է 1 600 հայտ 105 երկրներից: Այս տարի փառատոնը կբացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմը,  կփակի Համո Բեկնազարյանի «Նամուսը»:

Կցուցադրվեն աշխարհի ամենահեղինակավոր փառատոների այս տարվա դափնեկիր ֆիլմերը: Համաշխարհային կինովարձույթում հաջողություն գրանցած ժապավենները հայ հանդիսատեսին կներկայացվեն «Երեւանյան պրեմիերա» ծրագրում: Տեղի կունենա նաեւ «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Տաքսի» ֆիլմի երեւանյան պրեմիերան:

Ո՞վքեր են տարվա սպասված հյուրերը
«Ոսկե ծիրանի» այս տարվա հատուկ հյուրերն են համաշխարհային կինոյի աստղեր Օռնելա Մուտին եւ Նաստասյա Կինսկին: Ի դեպ, հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է հենց Կինսկիի մասնակցությամբ ֆիլմերին: Փառատոնի շրջանակում Երեւան կժամանի նաեւ ֆրանսիացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Պատրիկ Շենեն: 

Ովքե՞ր են դատելու ֆիլմերը 
«Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի Ռոբեր Գեդիկյանը (Ֆրանսիա), «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթը»՝ Մարեկ Հովորկան (Չեխիա), «Կորիզը»՝ Հովիկ Հաբեշյանը (Լիբանան), «Հայկական համայնապատկերը»՝ Ալեքսանդր Գրոզեւը (Բուլղարիա): Ժյուրիի կազմում ընդգրկված ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի հայտնի կինոգործիչներ:

Ի՞նչ անակնկալների սպասել
Փառատոնի կազմակերպիչներն այս տարի մեծ տեղ են հատկացրել հայկական կինոյի լեգենդներին: Ցուցադրություններ կլինեն նվիրված Հենրիկ Մալյանի եւ Հենրիկ Մարգարյանի 90, Լեւոն Աթոյանցի 85 եւ Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյաններին:

Կցուցադրվեն Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք», օպերատոր Լեւոն Աթոյանցի նկարահանած «Ավդոյի մեքենան», ինչպես նաեւ Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք» ֆիլմերը: Անդրադարձ կլինի հայ եւ օտարերկրացի կինոռեժիսորների՝ Ցեղասպանության մասին նկարահանած ֆիլմերին:

****************

Կինոփառատոնը հիմնադրվել է 2004-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից: Ամեն տարի փառատոնի բացման ժամանակ տեղի է ունենում ավանդական ծիրանօրհնեքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում