Բնակարանների գնման վկայագրեր՝ Լոռու մարզի ևս 19 ընտանիքի

Բնակարանների գնման վկայագրեր՝ Լոռու մարզի ևս 19 ընտանիքի

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր Բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ) է հանձնել «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու ևս 19 ընտանիքի՝ Գուգարք, Դարպաս, Լեռնապատ, Արևաշող, Շիրակամուտ, Գոգարան, Մեծ Պարնի, Ջրաշեն, Ծաղկաբեր, Կաթնաջուր համայնքներից՝ հայտնում են Լոռու մարզպետարանից: 

Նախորդ տարեվերջին շահառուների շրջանում անցկացված հարցումների արդյունքում բնակարանների ձեռքբերման այս տարբերակը Լոռու մարզի գյուղական համայնքներից նախընտրել էր 121 շահառու ընտանիք: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է շուրջ 674 մլն 782 հազ. դրամ:

Վերջին մեկուկես տարվա ընթացքում ծրագրի շահառու ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծման համար արդեն իսկ պետբյուջեից հատկացվել է շուրջ 3 մլրդ դրամ:

«Մեր երկրի համար այս ամոթալի էջը վերջնականապես պետք է փակենք եթե ոչ այս, ապա հաջորդ տարի՝ անպայման: Թեև ներկայիս իշխանությունը պատասխանատվություն չի կրում ստեղծված իրավիճակի համար, սակայն ցավ ենք ապրում, որ ստիպված եք եղել 30 և ավելի տարիներ ապրել անմարդկային պայմաններում: Մենք պարտավորություն ենք ստանձնել ամենակարճ ժամկետներում լուծում տալու այս խնդրին,- դիմելով ներկաներին՝ ասել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Ամբողջովին կորցրել էինք հույսը, թե երբևէ սեփական հարկ ունենալու երջանկության կարժանանանք: Մեր հույսը վերագտանք մեր վարչապետի, ձեր շնորհիվ»,- նշել է Կաթնաջուր համայնքի բնակիչ Գրիգոր Ռուշանյանը:

Մարզպետը շահառուներին տեղեկացրել է, որ ԲԳՎ-ների մարման ժամկետը 6 ամիս է: Այս ժամանակահատվածում բնակարան չգնելու դեպքում վկայագրերն ուժը կորցրած կհամարվեն, և ընտանիքները կշարունակեն ընդգրկված մնալ շահառուների ցանկում՝ սպասելով նոր փուլի:

Մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներկայացրել է ԲԳՎ-ների միջոցով բնակարանների ձեռքբերման կարգը և պայմանները:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում