Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչները Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի երկու ուղղություններով օրերս տեղադրել են 52 ճանապարհային նշան։ Կապալառու կազմակերպությունն իրականացնում է նաև Տրանշ-3-ի սպասարկման աշխատանքներ։ Ընկերությունը պարբերաբար մոնիթորինգ է կատարում և վերատեղադրում բացակայող ճանապարհային նշանները։
Այն ճանապարհահատվածներում‚ որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ‚ ճանապարհային նշանները տեղադրվում են ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի՝ համաձայնեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ։
Հատկանշական է‚ որ պարբերաբար արձանագրվում են ճանապարհային նշանների անհետանալու և վնասվելու դեպքեր, իսկ դրանց բացակայությունը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։










