ՆՆարե Ոսկանյան

Նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը Սարոյանի տուն-թանգարանում

Նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը Սարոյանի տուն-թանգարանում

2019 թ. փետրվարի 20-ին տեղի կունենա Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանի նոր՝ թարմացված հոլոգրամի առաջին ցուցադրությունը՝ «Վերածնունդ» հիմնադրամի և The Interactive World կազմակերպության համագործակցությամբ։

Արխիվային լուսանկարների և անձնական տեսա-ձայնագրությունների հետազոտման աշխատանքների շնորհիվ այժմ այցելուները հնարավորություն ունեն տեսնելու Սարոյանի վերակերտված կերպարը՝ երեք տարբեր տարիքներում։

12 տարեկան Կարեն Մանգարյանը ներկայացնում է Սարոյանին դեռևս պատանեկության շրջանում, երբ վերջինս հեռագրեր էր բաժանում Ֆրեզնոյի փողոցներում և հոգու խորքում երազում մի օր մեծ գրող դառնալու մասին։ Արդեն հասուն և կայացած գրողին, որն իր փառքի գագաթնակետին էր գտնվում, վերապատկերում է երգահան, դերասան և հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը։ Իսկ ահա բոլորիս քաջածանոթ Սարոյանին՝ արդեն պատկառելի հասակում՝ իր հանրահայտ բեղերով, բարեսիրտ հայացքով և հեծանիվների հանդեպ տածած հատուկ սիրով, վերապատկերում է հայտնի բարերար Շանթ Հովնանյանը։

Սարոյանի սենյակի վերակազմությունը կատարվել է Դեն Վեյների՝ 1953 թ. արված լուսանկարի հիման վրա։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, որ հիմնել է Արթուր Ջանիբեկյանը, արդեն տարիներ շարունակ պահպանում և տարածում է Սարոյանի մտավոր ժառանգությունը։ 2016-ին հիմնադրամը գնեց Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում և այն վերածեց ժամանակակից նորագույն ձևաչափերին համապատասխանող տուն-թանգարանի։ Բացումը տեղի ունեցավ 2018 թ․ օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110-ամյակի տոնակատարության շրջանակներում։

Թանգարան կարող են այցելել բոլոր ցանկացողները։ Գրանցման համար պարզապես պետք է այցելել տուն-թանգարանի  կայքէջը՝ www.saroyanhouse.com:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում