ՎՎարդան Հովսեփյան

Երևանի մանկապարտեզներում իրականացվող որակի հսկողության մասին. քաղաքապետարան

Երևանի մանկապարտեզներում իրականացվող որակի հսկողության մասին. քաղաքապետարան

Ինչպե՞ս անել, որ մանկապարտեզ հաճախող երեխաները կրթվեն ու զարգանան լավագույն պայմաններում, իսկ ծնողներն էլ լինեն հանգիստ: Ովքե՞ր են պատասխան տալիս այս հարցերին: 

«Մանկապարտեզները, ավագանու որոշմամբ, որպես պատվիրակված լիազորություն տրվել են վարչական շրջանների ղեկավարներին, համապատասխան բաժիններին»,- նշում է Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Վահրամ Քոսակյանը:

Նախադպրոցական հաստատություններում վերահսկողությունն իրականացնում են վարչական շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժինները, քաղաքապետարանի հանրակրթության և վերահսկողության վարչությունները: Մասնագետներն այցելում են մանկապարտեզներ, տեղում ծանոթանում կրթական գործընթացին, հատուկ ուշադրություն դարձնում պայմաններին:

Առանձին հսկողություն է սահմանված փոքրիկների սննդի՝ մթերքի որակի, ծավալի, պահպանման պայմանների նկատմամբ։ 2019 թ. մի շարք մատակարարներ փոխվեցին: Չափորոշիչներին չհամապատասխանող սննդամթերք մատակարարելու փաստեր արձանագրվել են նաև այս տարի:

«Եթե մեկը կարող է մանկապարտեզին մատակարարել անընդունելի սնունդ, ուզում եմ զգուշավոր լինել բառերիս մեջ, այդ մարդկանց հետ մենք անելիք չունենք: Երևանի քաղաքապետարանը, գիտեք, պատշաճ կերպով իրականացրել է իր կողմից ստանձնած բոլոր պարտականությունները՝ վճարումները, դուք մասնակցել եք բաց մրցույթներին, առաջարկել եք այն գինը, որը հարմար է ձեր ընկերության համար ամբողջ տարի մատակարարում իրականացնելու համար, բայց շուկայում այդ գների բարձրացման պատճառով մատակարարն ասում է՝ ես հիմա չեմ կարող այդ սնունդը մատակարարել, որովհետև շուկայում գները բարձրացել են: Մենք այդ մարդկանց ենթարկելու ենք տույժերի և պայմանագրի խզման ենք գնալու»,- նշում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Շենգավիթում օրեր առաջ նկատել էին՝ որոշ մանկապարտեզների սննդամթերքի մուտքի-ելքի հաշվառման գրանցամատյաններում առկա են վերափոխումներ: Համոզվելու համար անհրաժեշտ էր փորձաքննություն։

«Կային տեղեկություներ և կասկածներ, որ տեղի են ունեցել գրառումների վերափոխումներ: Մենք իրավական գնահատականներ չենք տալիս: Կան ուսումնասիրությունների տեսակներ, որոնց համար ստիպված դիմում ենք այլ գերատեսչությունների»,- ասում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Վերահսկությունը մանկապարտեզներում առավել արդյունավետ դարձնելու նկատառումով, մշակվել է նոր ձևաչափ, որն առաջիկայում կշրջանառվի: Մանկապարտեզներում իրականացվող ստուգումներին ավագանու վերջին նիստին անդրադարձավ նաև փոխքաղաքապետը:

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում տնօրեններին ավելի շատ ստուգում են, քան իրենք ժամանակ են ունենում աշխատելու: Տնօրենը, որ առավոտյան գալիս է աշխատանքի, սպասում է, թե երբ պետք է մտնեն, իրեն ստուգեն: Ստեղծարար աշխատելու, ինչ-որ նոր բան մտածելու ժամանակահատված մենք չենք թողնում այդ մարդկանց: Այո՛, եթե կա որոշակի տեղեկատվություն, որ կատարվում են չարաշահումներ, բնականաբար, պետք է ստուգվեն և պետք է պատժվեն այդ մարդիկ: Բայց ստուգումները, որքան էլ տալիս են իրենց արդյունքը, նաև կա դրա հակառակ արձագանքը»,- ընդգծում է Տիգրան Վիրաբյանը:

Երևանի 161 մանկապարտեզ հաճախում է ավելի քան 30 հազար երեխա: Բնակչությանը որակյալ ծառայություն մատուցելը, իհարկե, գերխնդիրն է: Մանկավարժների, ծնողների ու քաղաքային իշխանության միջև փոխվստահության մթնոլորտում միայն հնարավոր կլինի հաղթահարել արատավոր բարքերի մնացորդները և հաջորդ քայլով արդեն մտածել կրթական նոր ծրագրերի մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում