ՎՎարդան Հովսեփյան

Սուր շնչառական վարակների սեզոնային աշխուժացումը համաճարակ չէ

Սուր շնչառական վարակների սեզոնային աշխուժացումը համաճարակ չէ

Առավոտյան ժամը 8:00-ից դպրոցներում և մանկապարտեզներում բուժքույրերը մուտքի մոտ են, հետո՝ նաև դասասենյակներում. զննում են երեխաներին և գրիպի կամ այլ ախշտանիշի դեպքում միանգամից բուժկետ ուղեկցում: 

Մշտադիտարկման արդյունքում 723 երեխայի մուտքը կրթական հաստատություններ արգելվել է:
«Համաճարակաբանական «զտում» են անում՝ առաջին հերթին արտաքինից զննելով երեխաներին, հետո նաև ջերմաչափում է արվում: Եթե երեխան վատառողջ է, ապա ծնողներին կանչում ենք, որ նրան տուն տանեն, նա դասասենյակ չի բարձրանում»,- նշում է Խ. Աբովյանի անվան հ. 2 հիմնական դպրոցի բուժքույր Նաիրիա Ջուլֆայանը:

Օրեր առաջ Երևանի հ. 8 դպրոցում լուրեր տարածվեցին, թե աշակերտների մեջ խոզագրիպով՝ H1N1-ով վարակվածներ կան: Տեղեկատվությունը խուճապի մատնեց թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին: Դրա պատճառով այսօր մի շարք դասարաններ դատարկ կամ կիսադատարկ են: Մինչդեռ 2010 թվականից H1N1 համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ և այլևս ՉՈՒՆԻ համավարակ առաջացնելու ներուժ: 

«Ծնողներից մեկը զանգահարել էր «Թեժ գիծ» ծառայություն, այնուհետ՝ նաև լրատվամիջոցներին: Տարածված տեղեկատվությամբ մեծ խուճապ առաջացավ»,- ասում է դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը:

Աշակերտները պատմում են, որ ուրբաթ օրը բացականեր քիչ են եղել, իսկ այսօր իրենց դասընկերներից շատերը չեն եկել, որովհետև նրանց ծնողները մտավախություն են ունեցել, որ կվարակվեն մյուսներից:

«Միանշանակ, որևէ համաճարակային իրավիճակ չկա: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս սեզոնին դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում: «Խոզագրիպ» եզրույթ չկա, կան գրիպի մի քանի տեսակներ՝ Ա, Բ, իսկ H1N1-ը ընդամենը ենթատեսակ է, որի պատճառով չի կարող խուճապային իրավիճակ ստեղծվել»,- նշում է ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԳ ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:

Այսօրվա տվյալներով՝ երկրում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%, Երևանում այս ցուցանիշը 15,9% է: Հատուկենտ կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ: Ամենից շատ բացակայել են Կենտրոնի դպրոցներում, հատկապես՝ տարրական դասարանների աշակերտները:

«Գնահատական տալ, որ բոլորը բացակաները հիվանդ են, չենք կարող, որովհետև բժշկական տեղանքով, օրինակ, 800-ից 100-ն են վատառողջ: Իհարկե, կան նաև ծնողներ, որոնք չեն դիմել բժշկի, սակայն շատ դեպքերում ծնողները խուսափում են երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանել, որպեսզի չվարակվեն»,- պարզաբանում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Բժիշկները խորհուրդ են տալիս՝ ուշադիր լինել հիգիենային. հաճախ լվանալ ձեռքերը, օդափոխել սենյակները:
Գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներում այն կատարվում է անվճար:
Պոլիկլինիկաներում այս օրերին դիմողների կտրուկ աճ չեն նկատում: Հերթապահել են նաև շաբաթ-կիրակի: «Արաբկիր» մանկական պոլիկլինիկա դիմել է 6 հոգի, գրանցվել 2 կանչ:

Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է՝ իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացն էլ կազմակերպվում է բնականոն հունով: Մասնագետները հորդորում են ծնողներին՝ եթե երեխան առողջ է, ապա պետք է հաճախի կրթական հաստատություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում