Այսօր Ստամբուլ է մեկնել Հայաստանի աթլետիկայի հավաքականը: ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանը ինը մարզիկ է ուղեկցում (վազորդ, ցատկորդ, նետորդ) ուսումնամարզական հավաքի, որը կտևի մինչև փետրվարի 20-ը:
Այդ ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնություններին: Ասպարեզները կտրամադրվեն նախ` մինչև 20 տարեկան (փետրվարի 9 –ին), ապա` մեծահասակների (փետրվարի 16-ին) մասնակցությամբ մրցումներին:
Երիտասարդների ստուգատեսին հավաքում գտնվող մարզիկներին կմիանան նաև Գյումրիից, Վանաձորից, Կապանից և Արցախից մրցավայր մեկնող աթլետները:










