ՎՎարդան Հովսեփյան

Գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է. Առողջապահության նախարարություն

Գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է. Առողջապահության նախարարություն

Սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլև ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 290 հազարից 650 հազար մարդ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: 

Այս օրերին բոլորը հետևում են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արդեն հայտարարվել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության կանխարգելման գործընթացում, ի թիվս այլ կանխարգելիչ միջոցառումների, կարևորվում է հատկապես պատվաստանյութի առկայությունը, որը դեռևս մշակման փուլում է:

Չնայած որ ներկայումս հանրության ուշադրության կենտրոնում է նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը և մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից, շարունակում է արձանագրվել սեզոնային գրիպով պայմանավորված հիվանդացություն, որը կարծես մոռացության է մատնվել, այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումը, հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: Հարկ է նշել, որ գրիպի համաճարակների հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է 3-5 միլիոն ծանր ընթացքով դեպք։

Նախարարությունը հիշեցնում է, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Սակայն բնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի (ռիսկի խմբերի պատվաստումներից հրաժարված անձանց հաշվին)։

Առողջապահության նախարարությունը հորդորում է` եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմե՛ք պոլիկլինիկա և պատվաստվե՛ք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում