Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա ռուսական «Водная страна» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա: Այս կոլեկտիվի հետաքրքիր, գունավոր և ցնցող ելույթները նախատեսված են գարնանային տոներին՝ մարտի 6, 7, 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ելույթ կունենան սինքրոն լողի միջազգային կարգի սպորտի վարպետներ, որոնց ներկայացրած յուրաքանչյուր համար ուշադրություն է գրավում և տեղափոխում ներկաներին հեքիաթային աշխարհ: Ջրային կրկեսում արվեստի մի քանի ճյուղի համադրում է, դիզայներական գեղեցիկ հագուստներ, հատուկ լուսաձայնային էֆեկտներ, գեղարվեստական լուծումներ, կրակոտ երաժշտություն. այստեղ ամեն ինչ արվում է հանդիսատեսի բարձր տրամադրության համար:
Ներկաները կարող են ծանոթանալ անփույթ արջուկ-նավաստիի, ուրախ կապիկների և հմայիչ փոկի հետ: Հանդիսատեսը ականատես կլինի նաև կախարդական Waterland կղզում հրաշքի արարմանը: Այս հեքիաթային ջրային շոուն նախատեսված է ընտանեկան դիտման համար: Ջրային հրավառությունն ապահովված է գերժամանակակից տեխնիկայի միջոցով, կլինեն 34 մետրանոց շատրվաններ, 170 տոննա ջրով լողավազան:
Երեկոյի գեղեցիկ մասնիկը կլինի նաև АКВА-բալետի համարները և լազերային շոուն: АКВА-բալետի գեղեցիկ, ճկուն աղջիկները կցուցադրեն ակրոբատիկ, գեղարվեստական համարներ: Նրանց միջոցով բալետային մշակույթը սահուն կտեղափոխվի ջրային միջավայր:
Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Տոմսերը 2500-ից 20 000 դրամ են:










