ՆՆարե Ոսկանյան

«Գաղափարների գիշեր»՝ քաղաքապետարանում

«Գաղափարների գիշեր»՝  քաղաքապետարանում

Շրջակա միջավայրի՝ կենդանի բնության և կենսաբազմազանության պաշտպանության թեման 2020 թվականին առանցքային կլինի ամբողջ աշխարհում: Ինչպե՞ս պաշտպանել բնությունը: Ի՞նչ ծրագրեր են այդ նպատակով իրականացվում աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում: «Գաղափարների գիշեր-2020» միջոցառումը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունն այս տարի անցկացրել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Բացմանը մասնակցել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեն, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, միջազգային և տեղական տարբեր կառույցների ներկայացուցիչներ: 

Ծրագիրը նախաձեռնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը 2016 թվականից՝ նշելու գաղափարների և գիտելիքների ազատ շրջանառությունը: 2019-ին միջոցառումը համախմբել էր 200000 մարդ Ֆրանսիայում և աշխարհի 65 երկրներում, այդ թվում առաջին անգամ՝ Հայաստանում:
Հրաչյա Սարգսյանը ողջույնի իր խոսքում, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ քաղաքային իշխանությունը բարձր է գնահատում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությունը:

«Այս միջոցառումը լավ հարթակ կհանդիսանա բնապահպանության թեմաներով փորձի փոխանակման և քննարկումների համար: Շրջակա միջավայրի պաշտպանությունն ու վտանգավոր թափոնների կառավարումը այն մարտահրավերներն են, որոնց լուծման ուղղությամբ Երևան համայնքն իրականացնում է հետևողական քաղաքականություն: Ընդամենն օրեր առաջ ԵՄ-ի հետ ստորագրվեց վտանգավոր թափոնների կառավարման շուրջ փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն կտա ներդնել նոր ու արդյունավետ համակարգ: Բացի այդ, քաղաքապետարանն այսօր ունի մի շարք ծրագրեր՝ ուղղված էներգախնայողության բարձրացմանը, թափոնների տեսակավորմանը»,- ասել է Հրաչյա Սարգսյանը:


«Սա առանձնահատուկ միջոցառում է, որի նպատակն է միավորել ստեղծարար մարդկանց՝ մտքերի և գաղափարների փոխանակման շնորհիվ միասին գտնելու մեր ժամանակների մարտահրավերների լուծումները: «Գաղափարների գիշերն» այս տարի անցկացվում է աշխարհի 187 քաղաքներում: Ուրախ եմ, որ Երևանում այն անցկացվում է քաղաքապետարանի հարկի ներքո, ինչի համար պետք է շնորհակալությունս հայտնեմ պարոն քաղաքապետին»,- ասել է Կլեր Լը Ֆլեշեն:


Միջոցառման ընթացքում կազմակերպվել է բնապահպանական խնդիրների քննարկում, ներկայացվել են Հայաստանում հաջողված նախագծերը, այդ թվում՝ «էկո աղբ» ՀԿ-ի և քաղաքապետարանի համագործակցությունը աղբի տեսակավորման նախաձեռնության բնագավառում:

«Գաղափարների գիշեր 2020»-ի մասնակիցները մտքեր են փոխանակել և առաջ քաշել նոր գաղափարներ, որոնք առաջիկայում հնարավոր է նաև վերածվեն ծրագրերի:

Մինչև ուշ երեկո շարունակված միջոցառման ընթացքում ցուցադրվել է բնապահպանական թեմայով տեսաֆիլմ, ներկայացվել «60 լուծում՝ կլիմայի փոփոխությանը դիմակայելու համար» լուսանկարների ցուցահանդեսը: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներն էլ ստեղծագործել են տեղում՝ օգտագործելով նաև պոլիէթիլենն ու պլաստիկը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում