ՄՄարիա Գաբրիելյան

5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել

5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: 

Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Բրյուսելից ժամանած Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև 2019 թ. դեկտեմբերի 17-ին կնքվել է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» դրամաշնորհային N (NEAR-TS/2019/412-943) պայմանագիրը, որի հիմնական նպատակն է քաղաքային կառավարման համակարգային բարեփոխումներով ներդնել վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ մի համակարգ:

Վերջինս հնարավորություն կտա ապահովել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում նոր ու ժամանակակից ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների հզորացումը, դրանց կառուցվածքային համապատասխան ոլորտներում ներդրման գործընթացին, ինչպես նաև համապատասխան ընթացակարգերի մշակմանն ու քաղաքային համապատասխան կառույցներին ինտեգրմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5.326.377 եվրո:

Ծրագրի ավարտին ակնկալվում է մի իրավիճակ, երբ Երևանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ՝ կամ թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման համար:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շեշտել է, որ ծրագրին մասնակցելու համար Երևանը մրցութային հայտ է ներկայացրել և շահել մրցույթը, ինչը նշանակում է, որ ՀՀ մայրաքաղաքի ներկայիս քաղաքականությունը վտանգավոր թափոնների կառավարման գործում լիովին համահունչ է ԵՄ սկզբունքներին:

«Վտանգավոր թափոնների կառավարման հարցում Երևան համայնքը մեծ բացեր ունի, պարզ ասած՝ համայնքը երբեք խորապես չի զբաղվել այս հարցով: Եվ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այս ոլորտի հետ կապված համալիր խնդիրների լուծման նպատակով: 2019-ին մեզ հաջողվեց չափազանց կարճ ժամանակահատվածում զրոյից ստեղծել և ամբողջ հզորությամբ աշխատեցնել «Երևանի աղբահանության և

սանիտարական մաքրման կազմակերպությունը»: Այս տարվա հունվար ամսից կազմավորվել է «Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի կառավարման» կազմակերպությունը: Մենք քայլեր ենք ձեռնարկում տարանջատված աղբահանության կազմակերպման ուղղությամբ»,- ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նշել է նաև, որ Երևանն այս պահին կատարել է բոլոր հնարավոր նախապատրաստական աշխատանքները՝ հաշվի առնելով վտանգավոր թափոնների կառավարման ծրագրով նախատեսված պարտավորությոնները, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ սկզբնակետից սկսել ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը:

Վերոհիշյալ բոլոր արդյունքներն ապահովվելու են զուգահեռաբար Տիրանայի և Վարշավայի հետ սերտ համագործակցության շնորհիվ՝ ինչպես նախատեսված է ծրագրի հայտում:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից առաջ Հայկ Մարությանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում