ԱԱրսեն Մկրտչյան

Նախագահն օրենքը ստորագրել է՝ առաջնորդվելով համազգային շահերով, կարևորելով ՍԴ բնականոն գործունեության ապահովումը. աշխատակազմ

Նախագահն օրենքը ստորագրել է՝ առաջնորդվելով համազգային շահերով, կարևորելով ՍԴ բնականոն գործունեության ապահովումը. աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի համակարգի ներդրման մասին օրենքի ստորագրման վերաբերյալ լրատվամիջոցների հարցադրումներին: 

«Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստորագրումից հետո հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մի շարք լրատվամիջոցներից ստացել է հարցադրումներ, թե ինչո՞վ էր պայմանավորված նախագահի նման որոշումը, արդյոք որևէ ճնշում եղե՞լ է նախագահի վրա՝ օրենքը ստորագրելու հարցում, օրենքի ստորագրման որոշումը կայացնելիս արդյոք հաշվի առնվե՞լ են դրա վերաբերյալ տարբեր դիրքորոշումները, և կայացված որոշումը որքանո՞վ կնպաստի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը:

Ի պատասխան վերը նշված հարցադրումների՝ հայտնում ենք, որ հանրապետության նախագահը հանգամանալից ուսումնասիրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, ինչպես նաև դրա վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի, հասարակական, քաղաքական գործիչների, իրավաբան-գիտնականների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:

Նախագահը խնդրի շուրջ լսել է նաև քաղաքական խմբակցությունների, մասնագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները նրանց հետ ունեցած իր հանդիպումների ընթացքում:

Դիտարկվել է միջազգային փորձագետների կարծիքը, ուսումնասիրվել են Օրենքին առնչվող միջազգային փորձը և Օրենքի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական եզրակացությունը:

Օրենքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումներն ու բերված փաստարկները հաճախ ունեն բարոյաքաղաքական և զգացմունքային շեշտադրումներ և արդյունք են իրավական նորմերի մեկնաբանության ընթացքում տարբեր և երբեմն հակասական մոտեցումների, քաղաքական շահերի:

Նախագահը, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով և կարևորելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը, ստորագրում է Օրենքը՝ համարելով, որ Օրենքի գործողության ընթացքում Սահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը, «առանց որևէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որևէ շեղում, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով Օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը:

Նախագահը, կարևորելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների և պետական ինստիտուտների արդյունավետ և համագործակցության ոգով գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը, ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ձևավորելու մտադրությունը, որի աշխատանքներին կներգրավվի նախագահի աշխատակազմը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում