ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր, իր իսկ ձևավորած ավանդույթի
համաձայն, նախատոնական օրերի շրջանակում հանդիպել է ՀՀ դատախազության
համակարգի այն աշխատակիցներին, որոնց ընտանիքներում անցնող տարվա ընթացքում երեխա է ծնվել:
Շնորհավորելով բոլորին այդ ամենակարևոր ձեռքբերման՝ ընտանեկան համալրման
համար՝ ՀՀ գլխավոր դատախազն արձանագրել է, որ այս տարի համակարգի աշխատակիցների ընտանիքներում ծնված երեխաների թիվն աճել է և
հույս է հայտնել, որ այս միտումները կշարունակվեն գալիք տարվա ընթացքում:
Գլխավոր դատախազը նշել է որ նման համալրումը կարևորում է երկու հիմնական
պատճառով. նախ՝ որովհետև բխում է մեր երկրում բնակչության թվաքանակի
ավելացման ռազմավարական անհրաժեշտությունից և երկրորդ՝ ընտանիքում
երեխաների ծնվելը ամենամեծ խթանն է մարդու համար իրենց զավակների անհոգ և
անվտանգ մանկության, պայծառ ապագայի ապահովման համար, աշխատանքային
գործունեությանը, ծառայողական պարտականությունների կատարմանն առավել մեծ
պատվախնդրությամբ, եռանդով ու նվիրվածությամբ մոտենալու, սեփական հողին
կառչած մնալու և ամենակարևորը՝ ճիշտ դաստիարակությամբ երեխաներից պետական մտածողությամբ օժտված քաղաքացիներ կերտելու համար:
Արթուր Դավթյանը հորդորել է չբավարարվել ձեռք բերածով, մտածել այն
ուղղությամբ, որպեսզի ընտանիքներում, հատկապես՝ նորաստեղծ և երիտասարդ,
երեխաների ճիչն ու աղաղակը տևական լինեն: Նաև այդ հանգամանքով
պայմանավորված՝ տարվա ընթացքում զավակներ ունեցած բոլոր աշխատակիցները ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ դատախազության խնայված միջոցներից արժանացել են դրամական խրախուսանքի:
Բոլորին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը
երեխաներին առողջություն ու հեքիաթային տոնական օրեր, իսկ ծնողներին՝
ընտանեկան մշտարթուն ջերմություն, սեր և ներդաշնակություն է մաղթել:
Արթուր Դավթյանը հանդիպել է այս տարի ծնող դարձած դատախազության աշխատակիցների հետ

Բաժիններ
Դիտումներ3









