ՎՎարդան Հովսեփյան

Եզրափակվել է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը

Եզրափակվել է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը

Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը եզրափակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին նվիրված սիմֆոնիկ համերգով։ Ծրագրում ներկայացվել են Արամ Խաչատրյանի և չին կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Երեկոյի սկզբում ներկաներին իր խոսքն է ուղղել Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։ Նա‚ մասնավորապես‚ նշել է‚ որ Չինաստանի վերջին 70 տարիների զարգացման պատմությունը գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը։

«Մենք ստեղծել ենք չինական առանձնահատկությամբ սոցիալիզմ‚ ինչի շնորհիվ մուտք ենք գործել սոցիալական արդիականության նոր ժամանակաշրջան»։

Դեսպան Էրլունն անդրադարձել է հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝ շեշտելով‚ որ 2019 թվականը հայ-չինական հարաբերությունների զարգացման բավականին արդյունավետ տարի էր. մասնավորապես‚ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին‚ ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, արտգործնախարար Վան Ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Չինաստանը Հայաստանի երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկերն է։ Երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է ՀՀ-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու համաձայնագիր‚ որն ուժի մեջ կմտնի շուտով։

Ըստ դեսպանի՝ 2020 թ. շարունակվելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ‚ որը հիմնված է փոխադարձ հարգանքի‚ հավասարության և փոխշահավետության վրա։

«Մեր աշխատանքի արդյունքները ծառայելու են հօգուտ երկու երկրների և երկու ժողովուրդների»‚- իր խոսքն ամփոփել է դեսպանը։

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նախարարության անունից շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել չին ժողովրդին ՉԺՀ կազմավորման 70-ամյակի առթիվ։

«Մենք ուրախությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին՝ տնտեսական‚ տեխնոլոգիական‚ նորարարական առաջընթացին և մշակութային վերելքին։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի զարգացումը։ Կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կարևոր բաղադրիչ է մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու համար։ Կրթության ոլորտում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ»‚- ասել է փոխնախարարը։

Անդրադառնալով հայ-չինական մշակութային կապերին՝ Նարինե Խաչատուրյանը նշել է‚ որ դրանք ունեն դարավոր պատմություն և ամուր հիմքեր. երկու երկրներում հաճախ կազմակերպվում են միջոցառումներ‚ որոնք խթանում են‚ վերահաստատում և ամրապնդում են մեր բարեկամական երկրների մշակութային կապերը և ծանոթացնում հանրությանը մեր երկրների բազմադարյա մշակույթին։

Համերգային երեկոյի ընթացքում հնչել են հայտնի չին կոմպոզիտորների ստեղծագործություններ‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել դաշնակահար Մելոդի Ճաոն և ջութակահար Քսե Հաոմինգը։ Վերջինս կատարել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Քսե Հաոմինգը տեղեկացրել է‚ որ խաչատրյանական կոնցերտն առաջին անգամ չէ‚ որ նվագում է. այն‚ ըստ ջութակահարի‚ ունի ազգային երանգներ‚ հայկական կոլորիտ։ Ջութակահարը նշել է նաև‚ որ Խաչատրյանը բավականին հայտնի ու սիրված կոմպոզիտոր է Չինաստանում։ Համերգը ղեկավարել են դիրիժորներ Յուան Ճաոն և Սերգեյ Սմբատյանը։

Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը կազմակերպել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում