ԳԳոհար Սիմոնյան

Ռուսաստանի և Չինաստանի վետոն զայրացրել է ՄԱԿ-ի ԱԽ անդամներին

Ռուսաստանի և Չինաստանի վետոն զայրացրել է ՄԱԿ-ի ԱԽ անդամներին

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, զայրացնելով ՄԱԿ-ի ԱԽ անդամներին: Այս մասին հայտնում է գերմանական Das Erste TV-ն, հավելելով, որ բանաձևը նախատեսում էր ընդլայնել Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու ծրագիրը:

Ի դեպ, ծրագիրը երկարացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել Գերմանիան, Բելգիան և Քուվեյթը, որոնք ցանկանում էին ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության համար  մշտապես բաց պահել Սիրիայի երեք սահմանային անցակետերը: Դրանցից երկուսը գտնվում են Թուրքիայի, իսկ մեկը՝ Իրաքի հետ սահմանին:

Գերմանիան, Բելգիան և Քուվեյթն արդեն իսկ դատապարտել են ռուս-չինական վետոն՝ նշելով, որ դեկտեմբերի 21-ը «տխուր օր է Սիրիայի համար»:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ հակադարձել է, որ ներկայում սիրիական իշխանությունները վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը, և եթե այլ երկրներ կամենում են Սիրիային օգնել, պարտադիր չէ, որ անձամբ տեղ հասցնեն այդ օգնությունը: Քանի որ պաշտոնական Դամասկոսն ի վիճակի է ինքուրույն օգնություն ցուցաբերել կարիքավորներին, հետևաբար, ծրագրի անհրաժեշտությունը վերացել է:

Հիշեցնենք, որ 2011-ին Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր՝ Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 սիրիական բանաձևերի վրա: Բացի այդ, ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ դեսպան Գեյեր Պեդերսենը հայտարարել է, որ սիրիական նոր սահմանադրության շուրջ բանակցությունները դադարեցվել են, որովհետև ռուսների օգնությամբ հատուկ ստեղծված հանձնաժողովը չի կարողացել աշխատանքային ծրագիր համաձայնեցնել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում