ԳԳայանե Թամամյան

Արցախի ամեն գյուղ իր պատմությունն ու իր հերոսներն ունի․ Արմեն Սարգսյան

Արցախի ամեն գյուղ իր պատմությունն ու իր հերոսներն ունի․ Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ երեկոյան այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ:

Նրանք նախ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Այնուհետև նախագահ Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, շրջայց կատարել համայնքում։ Այստեղ վերջերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ավարտվել են լուսավորության աշխատանքները, և ներկայումս համայնքն ապահովված է լուսավորության համակարգով։ Համայնքի ղեկավար Անդրանիկ Ղազարյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել կատարված աշխատանքների մասին։

Նախագահ Սարգսյանը եղել է նաև գյուղի Սուրբ Մեսրոպ եկեղեցում, ծանոթացել դեռ 18-րդ դարում կառուցված եկեղեցու ներկա վիճակին։

Շրջայցից հետո նախագահը հյուրընկալվել է Քարամյանների ընտանիքում։ 

«Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ։ Արցախի ամեն գյուղ իր պատմությունն, իր հերոսներն ունի։ Այստեղ ամեն գյուղ մտնելուց առաջ պետք է գլուխ խոնարհես․ խոնարհես նախ զոհված հերոսների, ապա՝ նրանց առջև, որոնք իրենց ընտանիքներն են պահում, թոռներ ու ծոռներ ունեն ու այս երկիրն են շենացնում,- ասել է նախագահը։ - Նախագահ Բակո Սահակյանի հետ մեր հարգանքի տուրքը մատուցեցինք հերոսների հիշատակին, հիմա էլ այստեղ, ի դեմս ձեզ, բոլոր հարավցիների առջև ենք գլուխ խոնարհում։ Գլուխ ենք խոնարհում Արցախի ողջ ժողովրդի առջև, քանի որ ինչ-որ իմաստով մեր ժողովրդի առաջապահն եք։ Եթե դուք հանգիստ եք, վստահ եք, ձեր գյուղը, քաղաքն այստեղ զարգացնում եք, մենք էլ վստահ ենք, որ Ղարաբաղը լինելու է այն, ինչ եղել է դարերով ու շարունակելու է այդպես էլ մնալ»,- ասել է նախագահը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում