Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցներն այս օրերին հսկողություն են իրականացնում մայրաքաղաքի խանութներում:
Երեկ ստուգումներ են եղել Խորենացու փողոցի 6 և Գյուրջյան փողոցի 1/51 հասցեներում գործող «Վ.Ա.Ս. Գրուպ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող «Վաս» սուպերմարկետներում։ Հայտնաբերել են պիտանելիության ժամկետն անցած երշիկեղեն, նրբերշիկ, շոկոլադե կոնֆետներ, թեյ, մանկական քաղցր բամբակ, ինչպես նաև առանց արտադրման ժամկետի մակնշման աղցաններ և տարբեր տեսակի ուտեստներ, ինչի առթիվ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով կազմվել են համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում հսկողությունը կրելու է մշտական բնույթ և իրավախախտում կատարած անձինք ենթարկվելու են պատասխանատվության։
Քաղաքացիներին կոչ ենք անում Ամանորի նախաշեմին գնումներ կատարելիս լինել առավել ուշադիր, իսկ տնտեսվարողներին՝ բարեխիղճ:










