ՎՎարդան Հովսեփյան

Սպորտում հաղթում են մարդիկ, որոնք ուժեղ են նախևառաջ իրենց ոգով. Արմեն Սարգսյան

Սպորտում հաղթում են մարդիկ, որոնք ուժեղ են նախևառաջ իրենց ոգով. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ։ Ֆեդերացիայի ներկայացուցիչներն օրերս Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունից վերադարձել են 5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալներով:

Սարգիս Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ մշտական ուշադրության ու աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Նա ներկայացրել է ֆեդերացիայի գործունեությունը, առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

«Մեր ֆեդերացիայի ամենակարևոր առաքելությունն է համախմբվել առողջ գաղափարի շուրջ, ամուր լինել, չհանձնվել և օրինակ ծառայել մյուսներին: Ուզում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մեզ աջակցելու և հաշմանդամային սպորտի կողքին կանգնելու համար: Այսօր այս արդյունքներն ունենք Ձեր աջակցության շնորհիվ»:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է մարզիկներին նման արդյունքներով հայրենիք վերադառնալու համար՝ ընդգծելով, որ հաղթանակած մարզիկներն իրենց օրինակով ուղենիշ և ոգեշնչման աղբյուր են դառնում այլոց համար:

«Շնորհավորում եմ ձեր ոգու ուժի համար: Սպորտում հաղթում են մարդիկ, որոնք ուժեղ են նախևառաջ իրենց ոգով: Վստահ եմ, որ ձեզ համար շատ կարևոր են տեխնիկական, հոգեբանական վիճակը և ոգու ամրությունը, այնպես որ, ամո՛ւր եղեք: Հիացած եմ ձեր բոլորի կամքով: Երբեմն շատ հեշտ է հիասթափվել, ընկնել ծայրահեղության մեջ: Աստված ձեզնից յուրաքանչյուրին կյանք է տվել, և եթե ինչ-որ բան այնպես չէ, դա դեռ ոչինչ չի նշանակում»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Օրինակ բերելով աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած նա շարժվելու, խոսելու հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, կարողացել է ամբողջ աշխարհին զարմացնել իր կամքի ուժով և կյանքի հանդեպ ունեցած սիրով:

«Ամենակարևորը ոգու ամրությունն է: Ոչ մի հիվանդություն, ոչ մի հաշմանդամություն չի կարող ձեր կամքը կոտրել, եթե ինքներդ չկոտրվեք, և որևէ ֆիզիկական թերություն կամ հաշմանդամություն չի կարող պատճառ լինել, որ դուք ակտիվ չլինեք ձեր կյանքում»,- ասել է նախագահը՝ մարզիկներին մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում