ՀՀայկարամ Նահապետյան

2020-ից մոտ 3300 երեխա ներառական ծառայություններ կստանա

2020-ից մոտ 3300 երեխա ներառական ծառայություններ կստանա

«2020 թվականից էապես կընդլայնվեն ցերեկային համայնքային ծառայությունները, մասնավորապես՝ նախատեսել ենք, որ շուրջ 3300 երեխա մարզերում և Երևանում ստանա ներառական ծառայություններ։ Խոսքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մասին է»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված քաղաքականության և ծրագրերի գնահատման վերաբերյալ քննարկման ժամանակ։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական իրավունքի և պաշտպանվածության ապահովումը, կրթական իրավունքի լիարժեք իրացումը և սրա շրջանակում նաև միջգերատեսչական համագործակցությունը։  Այս տեսանկյունից էական է համարվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ազգային քաղաքականության և ծրագրերի գնահատում իրականացնելու առաջարկը։

«Կլինեն առանձնահատուկ բաղադրիչներ, որոնք կօգնեն էլ ավելի թիրախային դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ծառայությունները, ինչպես, օրինակ՝ սոցիալական օգնականի մոդելը և շարժական ծառայությունները։ Սրանք նաև մեզ թույլ կտան հասկանալ, թե ո՛րն է հաշմանդամություն ունեցող երեխաների իրական թիվը, որովհետև երբ ծառայությունների ծածկույթը ընդլայնվի, ի հայտ կգան նաև այն երեխաները, որոնք հաշվառված չեն»,- պարզաբանել է նախարարի տեղակալը։

Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երեխայի իրավունքների, մոնիթորինգի և գնահատման մասնագետ Աստղիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ազգային քաղաքականության և ծրագրերի գնահատման տեխնիկական առաջադրանքը։ Ըստ այդմ, իրականացվելիք գնահատումը կպարզի, թե ինչ հաջողությամբ են իրագործվում հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ծրագրերը և ինչ արդյունքներ են արձանագրել, որքանով են դրանք հիմնված կարիքների վրա և ինչ ազդեցություն ունեն ընտանիքների, խնամակալների ու հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական միջավայրի վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում