ՎՎարդուհի Բալյան

ԿԳՄՍ նախարարությունը վերանայում է հանրակրթության պետական չափորոշիչները

ԿԳՄՍ նախարարությունը վերանայում է հանրակրթության պետական չափորոշիչները

Այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը։ STEM (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) և հումանիտար առարկաների պետական չափորոշիչները և ծրագրերը վերջին անգամ վերանայվել էին 15 տարի առաջ:

STEM առարկաների պետական չափորոշիչները վերանայվում են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից, իսկ հումանիտար առարկաների չափորոշիչները՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում՝ Կրթական ծրագրերի կենտրոնի միջոցով։

Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե 12-րդ դասարանն ավարտող աշակերտն ինչ կարողություններ պետք է ունենա, այդ թվում՝ գիտելիք, հմտություն, վերաբերմունք և արժեք:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս գործընթացի նպատակն է բարելավել առարկաների որակը, կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը, առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հայագիտությանը և բնագիտական առարկաներին, իսկ ուսումնական պլանները դարձնել առավել ճկուն: «Մենք ցանկանում ենք ունենալ չափորոշիչ, որը մշակված կլինի համակարգում աշխատող մասնագետների ու միջազգային փորձագետների կողմից և կդառնա Հայաստանի կրթական համակարգի զարգացման գրավականը»,- նշել է նախարարը։  

Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր ազգային փորձագետների մրցույթ։ Հանրակրթության պետական չափորոշչի մշակման աշխատանքային խումբը, որում ներգրավված է եղել 15 մասնագետ, սկսել է գործել հուլիս ամսից: Սեպտեմբերին արդեն պատրաստ է եղել նախագիծը, որը նախ քննարկվել է նախարարությունում և լրամշակվել, այնուհետև հոկտեմբերին տեղի են ունեցել 8 ոլորտային քննարկումներ, որոնց նպատակը չափորոշչի վերանայման գործընթացը մասնակցային դարձնելն ու մասնագիտական շահագրգիռ կողմերի դիտարկումները ներկայացնելու արդյունավետ հարթակ ստեղծելն էր: Ոլորտային քննարկումները ներառել են Էկոլոգիական կրթություն, առողջ ապրելակերպ, ֆիզիկական դաստիարակություն, հայոց պատմություն և կրոնների պատմություն, մեդիագրագիտություն, մարդու իրավունքներ, արվեստի կրթություն և կրթության ներառականություն թեմաները: Քննարկումների ընթացքում հավաքվել են համապատասխան առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը կրկին լրամշակվել է: Բացի դրանից՝ հանրակրթության պետական չափորոշչի մշակման շրջանակում տեղի է ունեցել 4 աշխատաժողով՝ աշխատանքային խմբի փորձագետների մասնակցությամբ: Ինտերակտիվ նիստերի միջոցով քննարկվել են հանրակրթության պետական չափորոշիչը, ուսումնառության վերջնարդյունքները, առարկաների ուսումնասիրության տիրույթը, դասաժամերի բաշխումը և գնահատումը ուսումնական նոր ծրագրերի համար:

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում փոփոխվում են 1-12-րդ դասարաններում դասավանդվող STEM առարկայական ծրագրերը, 5-12-րդ դասարանների դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը, ինչպես նաև ներդրվում են առարկաների դասավանդման նոր և ժամանակակից մոտեցումներ։ Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Ծրագիրը կփորձարկվի 2020 թվականի սեպտեմբերին:

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է հումանիտար առարկաների չափորոշիչների մշակում, ինչպես նաև վերապատրաստման մոդուլների մշակում, մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում, վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում, ինչպես նաև սեմինարների կազմակերպում դասագրքեր մշակողների համար:

Այս պահին ձևավորվել են առարկայական չափորոշիչների մշակման խմբերը. գործում են 15 ոլորտային աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված է շուրջ 70 մասնագետ։ Մասնագետներն ուսումնասիրել են Ֆինլանդիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Սինգապուրի համակարգերը և եկել այն եզրակացության, որ անգամ ամենահաջողված փորձն ուղղակի տեղայնացնելը ցանկալի արդյունք չի տա, քանի որ մեր երկիրն ունի սովորելու ուրույն մշակույթ: Հետևաբար, օգտագործելով արդիական մեթոդներ և տեխնոլոգիաներ, խմբերը ներկայումս մշակում են այն ձևաչափը, որով պետք է սահմանվեն համապատասխան չափորոշիչները, ինչպես նաև այն հիմնական գաղափարները, որոնց շուրջ պետք է կառուցվի յուրաքանչյուր առարկայի բովանդակությունը:

Նախատեսվում է, որ 2020 թվականի սեպտեմբերին վերանայված չափորոշիչները փորձնական կկիրառվեն մեկ, ռեսուրսների առկայության պայմաններում՝ երկու մարզում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում