Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ Հայ փաստաբանների միության և ԱՄՆ Կալիֆոռնիայի հարավարևմտյան իրավունքի դպրոցի հետ համատեղ ստորագրել է համագործակցության համաձայնագիր: Այն նպատակ ունի ընդլայնել արդյունավետ համագործակցությունը իրավաբանական կրթության և մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև նպաստել Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը:
Կնքված համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ստանալ կրթաթոշակներ Կալիֆոռնիայի հարավարևմտյան իրավունքի դպրոցում սովորելու, ինչպես նաև տարբեր դասընթացներում ընդգրկվելու համար, հյուրընկալել գիտության և մասնագիտական առաջխաղացմամբ հետաքրքրված դասախոսների:
«ԱՄՆ Հայ փաստաբանների միության հայտնի փաստաբաններ և Կալիֆոռնիայի հարավարևմտյան իրավունքի դպրոցի պրոֆեսորներից ստացված անգնահատելի իրավաբանական խորհուրդներն ու գիտելիքները կնպաստեն Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի զարգացմանը, ինչպես նաև կարևոր հնարավորություն կընձեռեն՝ նպաստելու մեր աշխատակիցների կարողությունների զարգացմանը, ինչն էլ մեր աշխատակազմին ավելի մրցունակ կդարձնի միջազգային հարթակում»,- հուշագրի ստորագրման ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նման փաստաթուղթ կնքելու համաձայնություն ձեռք էր բերվել ԱՄՆ Կալիֆոռնիայի հարավարևմտյան իրավունքի դպրոցի դեկան Սյուզան Պրագերի, փոխդեկան Դով Վայսմանի և ԱՄՆ-ում հայտնի հայազգի պրոֆեսոր Անահիդ Ղարախանյանի հետ ԱՄՆ-ում հանդիպման ժամանակ։ Համաձայնագրի ստորագրման հարցում գործուն աջակցություն են ունեցել ԱՄՆ հայ փաստաբանների միության ատենապետ Ժիրայր Կասաբյանը և փոխատենապետ Լուսի Վարպետյանը:










