ՌՌոզա Խաչատրյան

Այսօրվա պարտիզանական գործողությունների ֆոնին սա կարևոր նախաձեռնություն է. Ա. Քոչարյան

Այսօրվա պարտիզանական գործողությունների ֆոնին սա կարևոր նախաձեռնություն է. Ա. Քոչարյան

ԱԺ-ում շարունակվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի ներկայացրած «Օպերատիվ հետախուզության գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումը, որն ընդհատվել էր նախորդ նիստին: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը, կոչ անելով կողմ քվեարկել նախագծին, իր ելույթում նշեց, որ նախագիծը կարևոր է, անգամ՝ ուշացած:

«Ոստիկանությանն օպերատիվ հետախուզության գործառույթով օժտելը նոր գործիքակազմ է և հնարավորություն է տալիս, որ իրավապահ կառույցը չափազանց մեծ ծավալի աշխատանքը կարողանա կատարել: Ուզում եմ արձանագրել, որ ոստիկանության հանցավորության դեմ պայքարի հիմնական և ամենակարևոր բաղադրիչը կանխարգելման գործառույթն է, իսկ նախագծով այն դարձնում ենք ավելի ամուր, հստակ և ընկալելի»,- նշեց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նույնպես նախագիծը կարևոր համարեց:

«Այսօրվա պարտիզանական գործողությունների ֆոնին շատ կարևոր նախաձեռնություն է: Իմ կարծիքով՝ պատահական չէ, որ 2007-ին ոստիկանությանը զրկեցին այդպիսի հնարավորությունից, և 2008-ին տեղի ունեցավ մարտի 1-ը: Վերջերս շրջանառության մեջ հայտնվեց գեներալ-մայոր Տիգրան Բաղդասարյանի խոստովանական ցուցմունքները նախաքննական մարմնին առ այն, որ «Մարտի 1-ի» գործով Անվտանգության ծառայության մարմինները կեղծել են փաստաթղթեր: Եթե ոստիկանությունն այդ ժամանակ ունենար նման գործառույթ, ես համոզված եմ, որ նման կեղծումները կլինեին անհնար»,- ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր: Գործող օրենքով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը` այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում