Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հետ կապված իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ բացահայտված են։ Դա կատարվել է ոչ թե խոսակցությունների հիման վրա, այլ քրեակատարողական հիմնարկի միջանցքում տեղադրված տեսախցիկի արձանագրմամբ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ցավակցություն հայտնելով մահացածի հարազատներին։
«Տեսախցիկը ֆիքսել է, որ ծառայողը [Արսեն Գևորգյանի] գանգատից հետո մոտեցել է բանտախցին, որից հետո կանչել է բուժսպասարկում իրականացնող անձին։ Բուժսպասարկում իրականացնող անձը մտել է խուց, դրանից անմիջապես հետո կանչվել է շտապօգնություն, և, ըստ արձանագրված կանչի ու հասնելու տևողության, շտապօգնությունը քրեակատարողական հիմնարկ մուտք է գործել [կանչից] 16 րոպե հետո»,- ասաց նա։
Նախարարը տեղեկացրեց, որ խոսել է նաև առողջապահության նախարարի հետ ու պարզել, որ ավելի վաղ Արսեն Գևորգյանն իշեմիկ խնդրի հետ կապված գանգատ չի ունեցել։
«Խոսել եմ առողջապահության նախարարի հետ՝ պարզելու, թե տվյալ անձի ամբուլատոր քարտում երբևէ նշում արվե՞լ է հիվանդության վերաբերյալ։ Ինձ ասվել է՝ ո՛չ, իշեմիկ խնդրի հետ կապված անձը չի գանգատվել։ Բժշկական քարտերում համապատասխան գրանցումներ առկա չեն եղել։
Ավելին՝ դատական նիստի ընթացքում էլ առողջության հետ կապված նման խնդրի վերաբերյալ անձը որևէ նշում չի կատարել»,- պարզաբանեց նա։
Նախարարը նաև ճշտել է՝ դատական նիստի ընթացքում արձանագրվե՞լ է առողջական որևէ խնդիր, որ անձն ունեցել է, և պարզել, որ Արսեն Գևորգյանը նման խնդիր չի ունեցել։
«Ինքնազգացողությունը վատացել է հենց այդ օրը, հենց այդ ժամին, և րոպեների ընթացքում նրան մոտեցել է քրեակատարողական ծառայողը, մոտեցել է նաև հերթապահություն իրականացնող, բժշկական սպասարկում իրականացնող անձը»,- ասաց Սրբուհի Գալյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։
ՔԿԾ-ից հայտնել են, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը:
Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին Հակակոռուպցիոն դատարանը կալանավորել էր երկու ամսով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով։










