Երբ Արսեն Գևորգյանին տարել են քրեակատարողական հիմնարկ, նա անցել է բժշկական հետազոտություն, որևէ խնդիր, գանգատ չի ունեցել։ Այդ օրն առավոտյան վատ է զգացել, սրտի կանգ է արձանագրվել, մարդը մահացել է։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուի մահվան դեպքին։
«Շատ եմ ցավում ամեն ինչի հետ կապված, բայց մեղադրել իշխանությանն այդ մարդու մահվան համար, կներեք, չէ՛, էլի, ժողովո՛ւրդ ջան, ամեն ինչին կա չափ ու սահման, այդ թվում՝ ընդդիմության էժան շահարկումներին»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով լրագրողներին Արսեն Գևորգյանի մահը քաղաքական շահարկման առարկա չդարձնել։
«Այս դեպքում, լա՛վ, «Ուժեղ Հայաստանի» թիմակիցներից մեկն է մահացել, բայց քրեակատարողական հիմնարկում օրական այլ մարդիկ են մահանում։ Այդ մարդկանց մահվան դեպքերին ինչո՞ւ չեք անդրադառնում։ Մարդիկ, ի վերջո, կյանքն ապրում են, առողջական խնդիրներ են ունենում, մեկի մոտ թոքերի անբավարարություն է, մեկի մոտ՝ սրտի անբավարարություն։ Քրեակատարողական հիմնարկներում մարդիկ են, չէ՞, մահանում, բա մյուս դեպքերի հետևից ինչո՞ւ չեք գնում։ Գիտե՞ք՝ ինչու չեք գնում: Մի պարզ պատճառով. որովհետև տակը քաղաքական թեմա չկա»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։
ՔԿԾ-ից հայտնել են, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։
Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին Հակակոռուպցիոն դատարանը կալանավորել էր երկու ամսով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով։










