Էջմիածին–Երևան 203 համարի երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետը քաղաքացիների առաջարկների հիման վրա նախատեսվում է տեղափոխել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից Մատենադարանին հարակից տարածք։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը հայտնել է, որ այդ հատվածը չի վերածվելու ավտոկայանատեղիի․ ավտոբուսները կանգ կառնեն բացառապես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու նպատակով։
«Չնայած այն հանգամանքին, որ 203 համարի՝ Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետը պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը, ընդառաջ գնալով քաղաքացիների բազմաթիվ առաջարկներին՝ նախատեսվում է վերջնակետը տեղափոխել Մատենադարանին հարակից տարածք՝ բացառապես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու նպատակով։
Միաժամանակ հստակ արձանագրենք, որ Մատենադարանին հարակից տարածքն ավտոկայանատեղիի վերածելու որևէ տարբերակ չի քննարկվում և չի թույլատրվելու։ Այդ հատվածում ավտոբուսների կանգառը նախատեսված է լինելու բացառապես ուղևորների իջեցման և նստեցման համար՝ առանց տրանսպորտային միջոցների կայանման հնարավորության»,– գրել է նա։










