COP31 գագաթաժողովին մասնակցելու նպատակով Անթալիա մեկնելու նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր «Նոր կուսակցության» առաջնորդ Օզգյուր Օզելի հետ։ Այն կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում թուրք ընդդիմադիր գործիչն ընդգծել է երկու երկրների միջև համերաշխության կարևորությունը։ Նա հայտնել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած կառուցողական ներդրում ունենալու կողմերի հարաբերությունների զարգացման գործում։
Օզգյուր Օզելը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդի պաշտոնից զրկվել է դատարանի վճռով, ինչից հետո խորհրդարանական խմբակցության մեծամասնությունը հրաժարվել է ընդունել Քեմալ Քըլըչդարօղլուի առաջնորդությունը, և ձևավորվել է «Նոր կուսակցությունը»։ Քաղաքական այդ ուժը իշխանությունների և նախագահ Էրդողանի հանդեպ որդեգրել է կոշտ ընդդիմադիր կեցվածք։ Օզել-Ալիև հեռախոսազրույցը, այսպիսով, թուրք-ադրբեջանական ավանդական համերաշխության համատեքստից քաղաքական իմաստով առանձնանում է։ «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլին տեսակետ է հայտնել, որ, չնայած Օզելի հետ սուր տարաձայնություններին, Ադրբեջանի նախագահի հետ նրա հեռախոսազրույցն Էրդողանի դեմ չէ։
Որքանո՞վ է հավաստի այդ գնահատականը, բարդ է ասել։ Փաստ է, որ Ադրբեջանի նախագահի Անթալիա այցի հաջորդ օրը Թուրքիայի խորհրդարանում կրկին քննարկվել է Օզելի գլխավորած «Նոր կուսակցության»՝ Ազգային մեծ ժողովի մի խումբ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Ըստ աղբյուրի՝ այդ հարցում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վերնախավում միասնական մոտեցում դեռևս չի ձևավորվել։ Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հրահանգել է ընդդիմադիրներին «երկար սպասեցնել չտալ և հարցը քննարկել»։
Ընդդիմադիր պատգամավորները, ինչպես Turkiye պարբերականն է հայտնել, մեղադրվում են կոռուպցիայի, կաշառք տալու-ստանալու և սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Պատգամավորական անձեռնմխելիությունից նրանց զրկելու համար խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի պարզ մեծամասնությունը բավարար է։ Ընդդիմադիր «Նոր կուսակցության» խորհրդարանական պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցի ակտուալացումը դժվար է ուղղակիորեն կապել Օզել-Ալիև հեռախոսազրույցից Թուրքիայի նախագահի դժգոհության հետ, բայց իրադարձությունների ժամանակագրությունը հազիվ թե պատահական զուգադիպությունների շղթա լինի։
Վահրամ Աթանեսյան










