Երեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր և խաղաղության ուղի․ Ժաննա Անդրեասյանի ելույթը Մոնակոյում

Երեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր և խաղաղության ուղի․ Ժաննա Անդրեասյանի ելույթը Մոնակոյում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Մոնակոյում մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովին և հանդես եկել ելույթով։ Համաժողովն անցկացվել է «Ավելի անվտանգ և առողջ սպորտ բոլոր երեխաների համար» խորագրի ներքո։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ողջունելով մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ սպորտի իրական արժեքը չափվում է ոչ միայն նվաճումներով, մեդալներով և ռեկորդներով, այլև յուրաքանչյուր երեխայի առողջությանը, զարգացմանը, արժանապատվությանն ու բարեկեցությանը նպաստելու կարողությամբ. «Սպորտը կրթության, առողջ ապրելակերպի խթանման, սոցիալական ներառման և համերաշխության ամրապնդման կարևոր միջոց է: Այս արժեքները կարող են լիարժեք իրացվել միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի զբաղվելու սպորտով այնպիսի միջավայրում, որտեղ իրեն զգում է անվտանգ, հարգված և պաշտպանված»։

Անդրադառնալով երեխաների պաշտպանության առաջնահերթություններին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է սպորտում բռնության, չարաշահման, շահագործման, հոգեբանական ճնշման և խտրականության բոլոր ձևերի կանխարգելումը։ Այս համատեքստում նա ընդգծել է մարզիչների և ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստման, երեխաների պաշտպանության արդյունավետ ընթացակարգերի, խախտումների մասին հաղորդման վստահելի մեխանիզմների ներդրման, ինչպես նաև հաղորդված դեպքերի պատշաճ քննության և տուժած երեխաներին աջակցության անհրաժեշտությունը։

«Երեխաների պաշտպանությունը չի սահմանափակվում ֆիզիկական անվտանգության ապահովմամբ. նույնքան կարևոր են նրանց հոգեկան առողջությունը, ինքնագնահատականը և սպորտով զբաղվելու մոտիվացիան»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում երեխաների ֆիզիկական ակտիվության և սպորտում ներգրավվածության խթանման քաղաքականությունը, որն ամրագրված է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024–2030 թվականների ռազմավարությամբ։ Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մասսայական և մանկապատանեկան սպորտի զարգացմանը․ այս նպատակով նախաձեռնվել են Հայաստանի մարզերում դպրոցահասակ երեխաների համար լողի և դահուկային սպորտի ուսուցման ծրագրերը, հանրակրթական դպրոցներում ներդրվում է «Առողջ ապրելակերպ» առարկան։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է նաև սպորտի դերը ժողովուրդների միջև երկխոսության, վստահության և խաղաղության ամրապնդման գործում։«Սպորտի ոլորտում իրականացվող քաղաքականությունը պետք է նպաստի ոչ միայն արդար և անվտանգ մրցակցության ապահովմանը, այլև կայունության, համերաշխության և խաղաղության արժեքների առաջմղմանը։Մեր համատեղ հաջողությունն իրականություն կդառնա այն ժամանակ, երբ յուրաքանչյուր երեխա սպորտը կընկալի որպես սեփական ներուժը բացահայտելու, առողջ մեծանալու, ընկերական կապեր ձևավորելու և ապագայի նկատմամբ վստահություն ձեռք բերելու հնարավորություն։ Եկե՛ք համատեղ ջանքերով ապահովենք, որ յուրաքանչյուր երեխայի համար սպորտը լինի անվտանգ միջավայր, առողջ ապրելակերպի ուղի և խաղաղության ու փոխըմբռնման կամուրջ»,- ամփոփելով ելույթը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։

Մոնակոյի Իշխանապետություն այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կմասնակցի նաև Սպորտի վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական կոմիտեի լիագումար նիստին, ինչպես նաև կունենա երկկողմ հանդիպումներ միջազգային սպորտային կառույցների պատասխանատուների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում