Ես այս հարցի մեջ եմ դնում իմ ողջ քաղաքական, մարդկային ու բարոյական վստահելիությունը և ասում եմ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո մենք ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք Խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն»։ Այդ մասին նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առիթով իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա աննախադեպ և պատմական իրավիճակ է ոչ միայն այն պատճառով, որ ունենալու ենք ինստիտուցիոնալ խաղաղություն, այլև այն պատճառով, որ ունենալու ենք խաղաղություն և անկախություն, խաղաղություն և պետություն։ Սա նոր վիճակ է մեր ժողովրդի պատմության համար։ Մենք սովորաբար ունեցել ենք կա՛մ խաղաղություն, կա՛մ պետություն։
ԽՍՀՄ փլուզման շեմին թերևս հենց դրա համար է ստեղծվել Ղարաբաղի հակամարտությունը, որ խաղաղությունը երազանք դառնա, և այն վերգտնելու երազանքը մեզ բերի պետությունից ու անկախությունից հրաժարվելու մտքին։ Եվ ուզում եմ ուղիղ ասել, որ Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը հենց այս տրամաբանությամբ է կառուցվել, և, այո՛, այդ հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին։
Բայց այսօր մեր նախնիների զոհողությունների, ձեր տառապանքների ու զրկանքների գնով, սիրելի՛ ժողովուրդ, եկել-հասել ենք մի կետի, որ ունենք միևնույն ժամանակ և՛ խաղաղություն, և՛ պետություն ունենալու հնարավորություն։ Ե՛վ խաղաղություն, և՛ անկախություն ունենալու հնարավորություն։
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հենց սա է, որ ուզում է խափանել, հենց սրա հետ է նրանց խնդիրը, սա թույլ չտալն է նրանց առաքելությունը։ Այլապես ինչո՞վ բացատրել, որ նրանք մերժում են իմ՝ շատ հստակ և նորմալ ընդդիմության համար պարզապես երազանքի առաջարկը։
Իսկ ի՞նչ եմ առաջարկում ընդդիմությանը և ինչո՞ւ։ Քանի որ ԱԺ ՔՊ խմբակցության մանդատները 6-ով պակաս են նոր Սահմանադրության հարցով հանրաքվե նշանակելու համար, ես ընդդիմությանն արել եմ հետևյալ առաջարկը, և հիմա այդ առաջարկը կրկնում եմ ուղիղ եթերում՝ ձեր բոլորի աչքի առաջ, պատասխանատու կերպով․ առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը, և մենք անցկացնենք սահմանադրական հանրաքվե։
Այդպիսով հնարավորություն կստեղծվի, որ նոր Սահմանադրության ճակատագիրը որոշեք դուք՝ ՀՀ ժողովուրդը, քաղաքացիներդ՝ հանրաքվեի արդյունքներով։
Առաջարկի շարունակությունը, որն աննախադեպ հնարավորություն է ստեղծում ընդդիմության համար, հետևյալն է․ եթե ժողովուրդը դեմ քվեարկի Սահմանադրությանը, նոր Սահմանադրությունը չընդունվի, ես հրաժարական կտամ և կհեռանամ վարչապետի պաշտոնից, իսկ եթե դուք, այսինքն՝ ժողովուրդը, կողմ քվեարկեք Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններում՝ հերթական թե արտահերթ, չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։
Իսկ մինչև հաջորդ ընտրություններն ընկած ժամանակահատվածում որպես վարչապետ կզբաղվեմ խաղաղության ինստիտուցիոնալացմամբ և վերջնականացմամբ, ինչը, համոզված եմ, տեղի կունենա։
Այսպիսով, Հայաստանը կհասնի պատմական մի բոլորովին նոր հանգրվանի, երբ այլևս չպիտի ընտրություն կատարենք խաղաղության և պետության, խաղաղության և անկախության, խաղաղության և բարեկեցության, խաղաղության և ժողովրդավարության միջև։ Մենք պետք է ունենանք և՛ խաղաղություն, և՛ անկախություն, և՛ պետություն, և՛ բարեկեցություն, և՛ ազատություն, և՛ ժողովրդավարություն։
Սիրելի՛ ժողովուրդ, ՀՀ սիրելի՛ քաղաքացիներ,
Ահա մենք հասել ենք այն ապագային, որը խոստացել էի, և մեզ մնում է պարզել մեր ձեռքը և վերցնել այն։
Ես հույս ունեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կանգնի այս ճանապարհին։ Հույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից և չի փորձի խոչընդոտել ՀՀ տիրոջը, այսինքն՝ ժողովրդին։
Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,– նշեց վարչապետը։










