ԱԺ-ից՝ Կոտայքի մարզպետարան․ Լիլիթ Ստեփանյանը հայտարարել է լիազորությունների դադարեցման մասին

ԱԺ-ից՝ Կոտայքի մարզպետարան․ Լիլիթ Ստեփանյանը հայտարարել է լիազորությունների դադարեցման մասին

Այսօր դադարեցին ԱԺ-ում իմ լիազորությունները։ Այս մասին հայտնել է Լիլիթ Ստեփանյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ստեփանյանը նշանակվելու է Կոտայքի մարզպետի պաշտոնում։

Ստեփանյանն այս պաշտոնում կփոխարինի Ահարոն Սահակյանին, որը հուլիսի 30-ին կառավարության որոշմամբ ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից և վերցրել պատգամավորական մանդատը։

Լիլիթ Ստեփանյանը 2018-ի հուլիսից նոյեմբեր եղել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

«Հոկտեմբերի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում էի ներկայացրել ԱԺ նախագահ Ռ. Ռուբինյանին։Իմ կյանքում ավարտվեց մեծ, կարևոր ու շրջադարձային փուլ, որն առանց վարանելու կանվանեմ ճակատագրական առաքելություն։

2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների ընթացքում՝ ստանալով ձեզանից վստահության քվե, մինչ օրս ՀՀ Ազգային ժողովում իրացրել եմ մանդատս։ Օրենսդիր մարմնում իմ գործունեությունը տևեց 8 տարի՝ բարդ, հետաքրքիր, պատասխանատու, երբեմն՝ թեթև, երբեմն՝ անհնար դժվար օրեր, որոնք իմ կյանքի, մտածողության, արժեհամակարգի, աշխարհընկալման վրա մեծ հետք թողեցին։ Այս տարիների ընթացքում ուժերիս ներածին չափով աշխատել եմ, ԱԺ-ում դարձել ձեր ձայնը՝ բարձրացնելով ինձ ուղղված խնդիրները, հասցեագրելով դրանք։ Շատ խնդիրներ լուծվել են, որոշները՝ գուցե ոչ։

Այսօր ուզում եմ շնորհակալ լինել բոլորին, ովքեր կողքիս եղան այս ժամանակահատվածում, հավատացին, վստահեցին, աջակցեցին, ոգևորեցին անգամ մեկ խոսքով։ Շնորհակալ եմ ընտանիքիս, մասնավորապես՝ հորս, ով միշտ թևեր է տվել ինձ առաջ գնալու, ուժերիս հավատալու համար։ Մորս, որ իմ փոխարեն հոգ է տարել նաև դստերս մասին, մինչ ես քաղաքական գործընթացների մեջ էի։ Դստերս, որ միշտ ըմբռնումով է մոտեցել իմ բացակայություններին, ներկա եղել իմ երբեմն՝ ուրախության, երբեմն՝ տխրության ապրումներին։ Ամուսնուս, որը նաև իմ լավագույն ընկերն է ու հենարանը։Շնորհակալ եմ իմ մեծ գերդաստանին, բոլորին` մեծից փոքր։Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին, իմ քաղաքական ընտանիքին, անչափ սիրելի դարձած գործընկերներին, որոնք հարազատի պես են այլևս։ Ընկերներիս, որոնք ունեի և որոնց ձեռք բերեցի այս տարիների ընթացքում։

Շնորհակալ եմ ինձ վստահության քվե տված քաղաքացիներին` ծանոթ-անծանոթներին. ձեր նամակներն ու զանգերը միշտ ոգևորում են, ոգեշնչում, պարտավորեցնում, կներեք, եթե մեկ-մեկ ուշ եմ արձագանքում։

Այս բոլոր շնորհակալությունները պարզապես չէին լինի, եթե մեկ մարդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինձ չվստահեր այսչափ կարևոր ու պատասխանատու պաշտոնը. շնորհակալ եմ իմ մեծարգո վարչապետին։Առջևում ինձ սպասվում է բարդ ու պատասխանատու աշխատանք, որն ընդունել եմ պատվով ու սիրով, և այդպես էլ աշխատելու եմ, բայց արդեն այլ կոորդինատներով։

Սիրելի կոտայքցիներ, Կոտայքն իր դրական ցուցանիշներով ու գրանցած արդյունքներով միշտ պիտի առջևում լինի։Ես պատրաստ եմ»,-նշել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում