Մեկ-երկու փաստաթուղթ դեռևս կա համաձայնեցնելու և ընդունելու, և շատ մոտ ապագայում մենք այդ համաձայնեցումները ևս կեզրափակենք. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում ներկայացնում է մանրամասներ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին։
Հիմնական զեկուցողը իր խոսքում նշեց՝ մեկ-երկու փաստաթուղթ դեռևս կա համաձայնեցնելու և ընդունելու, և շատ մոտ ապագայում մենք այդ համաձայնեցումները ևս կեզրափակենք։
«Դա բաժնետերերի միջև համաձայնությունն է և ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն կոչվող ընկերության կանոնադրությունը։ Ուզում եմ նշել, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կհիմնադրվի ՀՀ կառավարության և «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ» ընկերության կողմից։
Հաշվի առնելով զանազան հնարավոր սցենարներ և մտահոգություններ, ասեմ, որ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»-ը մշտապես գտնվելու է միմիայն Միացյալ Նահանգների կառավարության կառավարման և սեփականության իրավունքի ներքո»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեջ ՀՀ-ն կունենա 26 տոկոս բաժնեմաս, իսկ ԱՄՆ-ը՝ ի դեմս «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»-ի, 74 տոկոս բաժնեմաս։
«Այս հարաբերակցությունը կգործի 49 տարով, որով կտրվեն այդ ենթակառուցվածքները կառուցելու և շահագործելու իրավունքները, այնուհետև ժամկետի լրացումից հետո կողմերը հնարավորություն կունենան երկարացնելու համագործակցության ժամկետը ևս 50 տարով։ Եվ ահա այդ դեպքում ՀՀ բաժնեմասերը ավտոմատ կերպով, առանց որևէ հավելյալ ներդրման, կդառնան 49 տոկոս, և «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»-ին կմնա 51 տոկոսը»,- տեղեկացրեց ՀՀ ԱԳՄԱ նախարարը։










