Նորվեգիայում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Ռուսաստան: Նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ընդունել է Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում, հանդիպումը տևել է երկու ժամից ավելի։ Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, բանակցություններին միացել է տեսակապի միջոցով։
Ուիթքոֆը հայտնել է, որ եկել է ներկայացնելու Ուկրաինայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի ղեկավարների հետ նախօրեին ունեցած բանակցությունների արդյունքները, իր հետ բերել է որոշ առաջարկներ պարունակող փաստաթղթեր: Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ նախագահ Պուտինը մանրակրկիտ կուսումնասիրի և կգնահատի Սպիտակ տան հատուկ ներկայացուցչի ներկայացրած բոլոր նախաձեռնությունները։
Բացի Ուկրաինայից՝ Պուտինը հետաքրքրություն է հայտնել քննարկելու Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները և Իրանի շուրջ զարգացումները և առաջարկել է օգնել Իրանի հարցում՝ հաշվի առնելով Թեհրանի հետ բարեկամական հարաբերությունները: Կրեմլի ղեկավարն անդրադարձել է Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու՝ Թրամփի առաջարկին, նշել, որ պատրաստ է նաև այդ հարցը քննարկել Ուիթքոֆի հետ:
Սպիտակ տան բանագնացի խոսքով՝ լավ հիմքեր կան զարգացնելու Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները, հատկապես՝ տնտեսության ոլորտում: Ուիթքոֆը Թրամփի անունից շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ավելի վաղ ձեռք բերված դիզելային գործարքի համար: ՌԴ նախագահը նշել է, որ արդեն պատրաստվում են մատակարարումներին, այս պահին հատկացրել են մի քանի նավթատար: Առաջին լցանավը կմեկնի երկու-երեք օրից՝ 40 հազար տոննա բեռով: Պուտինը հավելել է, որ դիզվառելիքից բացի պատրաստ են նաև պարարտանյութեր մատակարարել ամերիկյան շուկա, ընդ որում՝ մեծ քանակությամբ:
Պուտին-Ուիթքոֆ հանդիպման ժամանակ ԱՄՆ բանագնացը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ Թրամփի խնդրանքով 74-ամյա ամերիկացի Սթիվեն Հաբարդին ազատ արձակելու համար: Նա գերեվարվել էր ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում և դատապարտվել ավելի քան 6 տարվա ազատազրկման։










