ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող կասեցնել Հայաստանի անդամակցությունը միությանը, քանի դեռ Հայաստանը այդպիսի ցանկություն չի հայտնել: Լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի անդամակցության կասեցման մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամների ներկայացրած զեկույցին:
«Հայաստանի Հանրապետությանը չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրները այդ ցանկությունն ունեն։ Հայաստանը հավասարապես իրավունքներ ունեցող երկիր է ԵԱՏՄ շրջանակներում, և կանոնադրության տակ ստորագրել է ինչպես Հայաստանը, այնպես էլ ԵԱՏՄ մնացած երկրները։ Հայաստանին հնարավոր է հանել ԵԱՏՄ-ից այն դեպքում, եթե Հայաստանը կունենա այդ ցանկությունը»,- ասել է նա։
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Հայաստանն ուսումնասիրում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում հնարավոր հետևանքները, այդ թվում գազի գնի բարձրացումը քաղաքացիների համար մեղմելու համար:
«Մենք նաև էներգետիկ դիվերսիֆիկացիայի քաղաքականություն ենք վարում, և հանգիստ եղեք էդ առումով։ Խնդիրները կլուծվեն, ինչպես լուծվեցին, օրինակ, ապրանքների այդ սահմանափակումները, որոնք սկսեցին գործել դեռևս նախընտրական այն թեժ ժամանակաշրջանում... Այսինքն՝ խնդիրները լուծելու հնարավորություն թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կգտնվի»։
Մանրամասները՝ տեսանյութում:













