Կարող եմ հերթապահ նախադասություններով պատասխան տալ, բայց սա այն հարցն է, որը լուծում է պահանջում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի շուրջ աշխատանքների ընթացքին:
Ըստ նախարարի՝ պահվող անձանց առկայությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղությանը, եթե ոչ՝ հակառակը, և որ նրանց ազատ արձակման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը երբեք չեն դադարում:
«Ինչո՞ւ չեմ կարողանում երաշխավորված և վստահությամբ ասել՝ կլինի, որովհետև դա մի բան է, որը մեզնից չէ կախված:
Այն, որ մենք չենք դադարեցնելու այդ ուղղությամբ ջանքերը, այն, որ ես չեմ հասկանում՝ ինչու այդ հարցը չի լուծվում, իրո՛ք, չեմ կիսում մոտեցումները, բացատրություններն իրենց կողմից, իրենք էլ ինչ-որ բացատրություններ են ասում, դա դեռ չի նշանակում՝ չենք անում: Ուղղակի սա այն հարցն է, որի մասին, իրո՛ք, պատշաճ էլ չեմ համարում խոսել:
Այստեղ մի բան կարող է լինել՝ արդյունք կա՞, թե՞ չկա: Ինչ-որ փուլերում արդյունք եղել է, իսկ հիմա, որ ամիսներ է, համարյա տարի է՝ չկա որևէ խմբի, անհատի ազատ արձակում: Ասեմ, որ աշխատում ենք, իրոք աշխատում ենք»,- ասաց նա:
Հարցին՝ ՀՀ-ն Ադրբեջանում պահվող անձանց ազատ արձակման մասով երրորդ երկրի դիմե՞լ է, Միրզոյանը պատասխանեց՝ չի աշխատել դա:
«Ինչքան էլ, օրինակ, դավադրաբանական տեսությունների տակ լինեք, պիտի այստեղ այդպես չմտածեք: Ի՞նչ եք կարծում, կա՞ հնարավորություն՝ իքս՝ երրորդ երկրով հարց լուծելու, և մենք չե՞նք անում: Ամենաշահագրգիռը մենք ենք (հումանիտար հարցը՝ մի կողմ), որ հարցը լուծվի, ու մեզ բան չլինի: Կա մի հնարավորություն, որ մենք չենք անո՞ւմ: Մնացածը լեգենդներ են:
Ձեր ասած երրորդ երկրներին դիմել ենք, երրորդ երկրներն էլ կա՛մ հրաժարվել են, կա՛մ իրենց ասել են՝ հեռո՛ւ խաղացեք: Դա է իրականությունը»,- ասաց նա:










