Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը մասնակցել է COP17-ի շրջանակում Օվկիանոսի տաղավարի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ օվկիանոսի պահպանությունը համընդհանուր պատասխանատվություն է, քանի որ դրա կենսական նշանակության էկոհամակարգային ծառայություններից օգտվում են նաև ծով ելք չունեցող երկրները։
Արա Մկրտչյանը կարևորել է ծովային և առափնյա էկոհամակարգերի վերականգնումը, կենսաբազմազանության պահպանության և կլիմայական գործողությունների փոխկապակցվածությունը։ Նա նշել է, որ COP17-ի շրջանակում նախատեսվող առաջին գլոբալ վերանայումը հնարավորություն է գնահատելու Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացն ու արագացնելու համատեղ գործողությունները։
«Հայաստանը ծով չունի, սակայն մենք կիսում ենք օվկիանոսի պահպանության ձեր հանձնառությունը։ Եկե՛ք գործենք հանուն բնության՝ ցամաքում և ծովում»,- նշել է նախարարի տեղակալը։










