ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը մանկավարժական համալսարանում կայացած գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրեց համալսարանի ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին։ Վերջինս այդ պաշտոնում առաջադրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում անցկացված քվեարկության արդյունքներով։ Այդ մասին հայտնում են ՀՊՄՀ-ից:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։ Նախարարությունում աշխատելու տարիներին ևս շարունակել է իր կապը համալսարանի հետ՝ դասավանդելով և լինելով հոգաբարձուների խորհրդի անդամ։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթության ոլորտում, այդ թվում՝ նախադպրոցական կրթության ուղղությամբ, Արաքսիա Սվաջյանի ունեցած փորձն ու իրականացրած աշխատանքը կարևոր նախադրյալներ են համալսարանի ղեկավարման համար։
Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել Արաքսիա Սվաջյանին՝ ընդգծելով, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, մանկավարժական համալսարանը և Նախարարությունը շարունակելու են համագործակցել՝ իրենց գործունեության շրջանակում։
ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը նաև վերահաստատել է համալսարանին աջակցելու պատրաստակամությունը։
ՀՊՄՀ ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և առանձնացրել առաջիկա աշխատանքների երեք հիմնական ուղղություն՝ բուհական կրթության որակի բարելավում, հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների շարունակություն, ինչպես նաև հետազոտական գործունեության զարգացում։ Նշված ուղղություններով համալսարանն ունի մեծածավալ աշխատանք կատարելու անհրաժեշտություն․«Վստահ եմ՝ մեզ բարդ, բայց արդյունավետ ճանապարհ է սպասում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լիլիթ Մկրտչյանին՝ համալսարանի համար կարևոր ժամանակահատվածում բուհին միանալու, ճգնաժամային շրջանում բնականոն գործունեությունն ապահովելու համար և շնորհավորել նրան՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթության բարեփոխումները Կառավարության ծրագրի կարևոր ուղղություններից են։
Առջևում մեծ աշխատանք կա, և ուրախ եմ, որ Լիլիթ Մկրտչյանն այդ աշխատանքում ևս լինելու է մեր թիմի անդամներից մեկը։ Նոր պաշտոնում նա շարունակելու է իր ներդրումն ունենալ ոչ միայն Մանկավարժական համալսարանի, այլև երկրի մյուս բուհերի զարգացման գործում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Լիլիթ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ վստահության համար, նաև համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրն իր տեղում ունեցել է կարևոր դերակատարում բուհի բնականոն գործունեության ապահովման և առաջընթացի գործում։










