«Բաց աշխարհ» (Open World) ծրագրի շրջանակում Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Նոնա Հովհաննիսյանը, Միքայել Խաչատրյանը և Վլադիմիր Խաչատրյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով գտնվել են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչների ու առանցքային հանձնաժողովների աշխատակազմերի հետ, այդ թվում՝ սենատոր Ադամ Շիֆի, կոնգրեսականներ Դինա Տիտուսի, Ջո Ուիլսոնի, Սուհաս Սուբրամանյամի գրասենյակների, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի Եվրոպայի ենթահանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակն ու 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունից հետո տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակը:
Զրուցակիցները տեղեկություններ են փոխանակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի ընթացքի վերաբերյալ, որի համատեքստում հայկական պատվիրակությունն ընդգծել է տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման առանցքային կարևորությունը՝ նախագծի արդյունավետության ամբողջական իրացման համար և վերահաստատել այդ ուղղությամբ աշխատանքները երկուստեք շարունակելու հանձնառությունը:
Քննարկվել են նաև արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համագործակցության գրանցած հաջողություններն ու հետագա անելիքները, «123 համաձայնագրի» ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան օրակարգում հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունն ու դրանց ուղղությամբ ջանքեր ներդնելու պատրաստակամությունը:










