ԿԳՄՍՆ-ի 2027-ի բյուջեի 80.4 տոկոսն ուղղվելու է կրթության ոլորտին. Անդրեասյան

ԿԳՄՍՆ-ի 2027-ի բյուջեի 80.4 տոկոսն ուղղվելու է կրթության ոլորտին. Անդրեասյան

2027-ի համար պետական բյուջեի նախագծով ԿԳՄՍՆ-ի համար նախատեսված է շուրջ 435.9 մլրդ դրամ, և դա շուրջ 15.9 մլրդ դրամով ավելի է, քան 2026-ի համար նախատեսված ցուցանիշը։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք ունենք 23 բյուջետային ծրագիր և 193 միջոցառում՝ տարբեր ոլորտներին վերաբերող։

Ըստ էության, նախարարության բյուջեի գերակշիռ մասը (2027-ի համար դա կազմում է բյուջեի 80.4 տոկոսը) ուղղվելու է կրթության ոլորտին։ Ամեն տարի այս համամասնությունը մենք տեսնում ենք։ Գիտության ոլորտի համար այս պահի նախագծով նախատեսվում է 30.7 մլրդ դրամ։ Միևնույն ժամանակ մենք հայտի քննարկման փուլում ենք և որոշակի լրամշակում ենք նախատեսում գիտության ոլորտին ուղղված ֆինանսավորման մեջ, որն առիթ կունենանք քննարկելու։

Մշակույթի ոլորտին ուղղված է 23.9 մլրդ դրամ, սպորտին՝ 25 մլրդ դրամ, երիտասարդությանը՝ 3.3 մլրդ դրամ։

Այսպիսով՝ կարող ենք ասել, որ իրականում մեր նախարարությանը հատկացվող բյուջեն վերջին տարիներին գրեթե եռապատկվել է, և սա վերաբերում է ոչ միայն փողին, այլև աշխատանքների ծավալին, և դրանք, կարծում եմ, շատ տեսանելի են։

Մասնավորապես, ուզում եմ խոսել կապիտալ ներդրումների մասին։ 2018 թվականին մեր նախարարության ոլորտներում կապիտալ ծախսերին հատկացված է եղել ընդամենը շուրջ 1.3 մլրդ դրամ։ Պետք է ասեմ, որ 2025 թվականին արդեն նախարարության փաստացի կապիտալ ծախսերը կազմել են 129.3 մլրդ դրամ, 2026 թվականի համար դրանց համար նախատեսված է 165.5 մլրդ դրամ, իսկ 2027 թվականի նախագծով էլի մոտավորապես համադրելի ցուցանիշ է պլանավորված։ Եվ սա նշանակում է, որ մեր բյուջետային ծախսերի մեջ կապիտալ հատկացումները կազմում են ընդհանուր հատկացումների 37.7 տոկոսը, և սա շատ կարևոր առաջընթաց եմ համարում»,– նշեց Ժաննա Անդրեասյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում