Բաքվում բողոքի ակցիա է անցկացվել դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ, որի ժամանակ ձերբակալվել է 37 մարդ՝ հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ նրանք խոչընդոտել են պետական ուսումնական հաստատություններում կառավարության հաստատած պարտադիր համազգեստի կանոնակարգի կիրառումը, կոնֆլիկտներ են ստեղծել ուսումնական հաստատությունների աշխատակիցների հետ, վնաս են պատճառել պետական ուսումնական հաստատություններին և փորձել են խոչընդոտել երթևեկությունն ու դպրոցների բնականոն գործունեությունը։
Պետական դպրոցների աշակերտների արտաքին տեսքի վերաբերյալ Ադրբեջանի կառավարության նոր կանոնների համաձայն՝ դպրոցականներին արգելվում է կրել հագուստի տարրեր, որոնք խախտում են համազգեստի միասնական չափանիշը կամ չեն համապատասխանում ուսման աշխարհիկ բնույթին:
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքն ուղեկցվել է աշակերտուհիների հեռացմամբ, ուսուցիչներից գլխաշորերը հանելու պահանջներով և բողոքի ցույցերով։
Բաքվի և մերձակա բնակավայրերի մի շարք դպրոցների աշակերտներ իրենց աջակցությունն են հայտնել հիջաբ կրող աշակերտուհիներին, բողոքել են հիջաբի արգելքի դեմ և պահանջել, որ աղջիկներին թույլատրվի մասնակցել դասերին:
Իրավիճակի քննարկումը տարածվել է Ադրբեջանի սահմաններից դուրս և լայն արձագանք է ստացել Թուրքիայում, որտեղ մի շարք կրոնական գործիչներ սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի կառավարությանը, մի քանիսն էլ սպառնացել են։










