ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ-ում վերջին հարցուպատասխանից հետո նոր Սահմանադրության ընդունման հարցում լավատեսությունս աճում է. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում վերջին հարցուպատասխանից հետո նոր Սահմանադրության ընդունման հարցում լավատեսությունս աճում է. Նիկոլ Փաշինյան

Առաջիկա մեր ամենակարևոր անելիքը մեր գլխավոր նպատակներից մեկի իրագործումն է, այն է՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց՝ այս թեմայով էլ նախկինում խոսել են, սակայն վերջին շրջանում, երբ ակտիվացան քննարկումները, մասնավորապես՝ ՀՀ-ում նոր Սահմանադրություն ընդունելու թեմայի առիթով, ընդդիմության ներկայացուցիչներն արեցին որոշակի հարցադրումներ, որոնք քննարկելով՝ հանգել են այն եզրակացության, թե անկախ նրանից՝ որքանով են տվյալ դեպքում պատճառահետևանքային կապերն ուղիղ և հիմնավորված, այնուամենայնիվ, այդ հարցադրումները լեգիտիմ են, և դրանք պետք է ստանան կոնկրետ պատասխաններ։

«Մասնավորապես, խոսքը հետևյալ հարցադրման մասին է, որի հետ առնչվելու առիթ ունեցանք Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, և խնդիրը հետևյալն էր՝ երբ, օրինակ, ՀՀ-ն ընդունի նոր Սահմանադրություն, արդյո՞ք դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի, և արդյոք ստորագրված խաղաղության համաձայնագիրը նշանակում է, որ տեղի է ունենալու համապարփակ խաղաղություն, և արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կոնֆլիկտային օրակարգեր այլևս չեն լինի։ Համենայնդեպս, մենք էդպես ենք ընկալել օրակարգը, հարցը, որն ընդդիմության ներկայացուցիչները բարձրացնում են։

Առաջիկայում մեր ջանքերն ուղղված են լինելու հենց այս հարցերի պատասխանները ստանալուն»,– հայտարարեց վարչապետը։

Նա ընդգծեց՝ իրենց քաղաքական խոսույթը միշտ եղել է հետևյալը՝ մենք մեր ներքին օրակարգերն արտաքին պերիմետրում ու դրանից դուրս չենք քննարկում, բայց նաև, առերեսվելով Հայաստանում շարունակաբար բարձրացվող հարցերին, սա թերևս մի թեմա է, որով պետք է զբաղվել ակտիվորեն ու ունենալ շատ կոնկրետ հարցերի պատասխաններ։

«Կարծում եմ՝ իրավիճակն այս պարագայում դառնում է խիստ ակնհայտ և չափազանց պարզ, որովհետև թույլ տվեք կիսել իմ մարտավարական պատկերացումը, որ եթե ՀՀ կառավարող մեծամասնությունն այս բարձրացված հարցին հստակ պատասխան տա և, իհարկե, համոզիչ պատասխաններ տա դրանից հետևող հարցերին, թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ եթե մենք էսպիսի դրական պատասխանների պայմաններում գնանք նոր Սահմանադրության ընդունման գործընթացով, Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրական տեղամասեր ու հանրաքվեի ընթացքում կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը։

Եթե մենք էս հարցերին ունենանք հստակ դրական պատասխաններ, և եթե պարզվի, որ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության հետագա ընդունման գործընթացը և դեմ է արտահայտվում դրան, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական և համապարփակ խաղաղությանը»,– ասաց նա։

Կիսելով իր պատկերացումը՝ վարչապետը նկատեց, թե այս դեպքում ինչպես պետք է վարվի կառավարող մեծամասնությունը։

«Իմ պատկերացումը հետևյալն է, որ էդ պարագայում միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, և ես կարծում եմ՝ ՀՀ-ում կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային էդ տրամադրությունը լինի, իսկ հանրային տրամադրությունը, համոզված եմ, կախված է էն պատասխաններից, որոնք մենք կբերենք արդեն իսկ նշված և հիշատակված հարցերին»,– հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթացի հետ կապված իր լավատեսությունն ու վստահությունը ԱԺ-ում տեղի ունեցած վերջին հարցուպատասխանից հետո շարունակաբար աճում են։

«Թույլ տվեք ասել, որ սա մի գործընթաց է, որը միանշանակ և աներկբա պսակվելու է կոնկրետ արդյունքով, և այդ արդյունքը ՀՀ-ի և ժողովրդի շահերից բխող արդյունք է»,– ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում